«Ընտանեկան բռնության մասին» օրինագիծը հայկական խորհրդարան կմտնի 2009 թ.-ի փետրվարին
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ընտանեկան բռնության մասին» օրինագիծը ծրագրվում է ՀՀ Ազգային ժողովի դիտարկմանը հանձնել 2009 թ.-ի փետրվարին, հայտնեց «Կանանց իրավունքների կենտրոնի» նախագահ Սուսաննա Վարդանյանը։
Օրինագծի նախապատրաստումն իրականացրել է «Կանանց իրավունքների կենտրոնը»՝ Աջակցության հիմնադրամի Բաց հասարակության ինստիտուտի հայկական մասնաճյուղի և Ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների ԵԱՀԿ բյուրոյի աջակցությամբ։
«Ընտանիքում հոգեբանական, ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված անձանց պաշտպանող օրենքի ընդունման սուր անհրաժեշտություն է զգացվում Հայաստանում»,- նա ասաց հինգշաբթի օրինագծի հասարակական քննարկումների ժամանակ։
Նրա խոսքերով, օրինագիծը պաշտպանում է ընտանիքի բոլոր անդամների իրավունքները՝ անկախ սեռական պատկանելիությունից։
Վարդանյանը նշեց, որ օրինագծի նախապատրաստման ժամանակ հաշվի է առնվել թե եվրոպական փորձը, թե հայկական իրականությունը։ «Մենք փորձել ենք պատրաստել մի օրինագիծ, որն առավելագույնս կհամապատասխանի հայ հասարակության պահանջներին, որպեսզի դրա ընդունման դեպքում օրենքի գործունեությունն ապահովված լինի»,- ավելացրեց նա։
Իր հերթին, ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների ԵԱՀԿ բյուրոյի Վարշավայի գրասենյակի ղեկավար Աննա Պլատոնովան ընդգծեց, որ սեռական իրավահավասարությունը ցանկացած ժողովրդավարական հասարակության անբաժան մասն է։ «Ընտանիքում բռնության ենթարկվող կանայք ու տղամարդիկ հազիվ թե կարողանան լիարժեք կերպով ներգրավվել հասարակական կյանքին»,- ավելացրեց նա։
Պլատոնովան նշեց, որ նման օրենքի ընդունումը ոչ միայն լուրջ քայլ կլինի ընտանեկան բռնությունն արմատախիլ անելու ուղղությամբ, այլև Հայաստանի համար Եվրոպայի երկրների հետ հավասար ժողովրդավարական արժեքների համար պայքարի փորձ ձեռք բերելու հնարավորություն կստեղծի։
Հայաստանի «Կանանց իրավունքների կենտրոնը» համագործակցում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թուրփանջան հասարակական հետազոտությունների կենտրոնի հետ, որը սոցիոլոգիական հարցումներ է անցկացնում կանանց նկատմամբ իրականցվող ընտանեկան բռնությունը կանխելու նպատակով։ --0--