Հայաստանում կանանց 66 տոկոսը բռնության է ենթարկվել ընտանիքում

Հայաստանում կանանց 66 տոկոսը ընտանիքում հոգեբանական, ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվել, ասաց «Կանանց իրավունքների կենտրոնի» նախագահ Սուսաննա Վարդանյանը։
«Ընտանեկան բռնության ենթարկված կանանց 66 տոկոսից 39-ը ֆիզիկական բնույթի բռնության են ենթարկվել, ընդ որում 12 տոկոսի դեպքում ֆիզիկական բռնությունը ծայրահեղ ծանր ձև է ունեցել»,- հինգշաբթի նա ասաց «Ընտանեկան բռնության մասին» օրինագծի հանրային լսումների ընթացքում։
Վարդանյանի խսոքերով, ընտանիքում ամուսնու կողմից բռնության ենթարկված կանայք, մեծամասամբ, չեն ամուսնալուծվում տարբեր պատճառներով։ «Հայաստանի կանայք մեծամասամբ նյութական կախվածության մեջ են իրենց ամուսիններից, ինչը բարդացնում է ամուսնալուծության որոշում կայացնելու գործընթացը։ Նրանք այնքան ժամանակ ամուսնալուծության չեն դիմում, քանի դեռ բռնությունը ծայրահեղ ծանր ձևերի չի հասնում»,- ավելացրեց նա։
Իր հերթին, «Կանանց իրավունքների կենտրոնի» ծառայությունների համակարգող Ծովիկ Կարապետյանը տեղեկացրեց, որ 2008 թ.-ի առաջին կիսամյակում Կենտրոնի թեժ գծին 409 զանգ է եկել, որոնց 50 տոկոսից ավելին՝ կանանց կողմից։
Հայաստանի «Կանանց իրավունքների կենտրոնը» համագործակցում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թուրփանջան հասարակական հետազոտությունների կենտրոնի հետ, որը սոցիոլոգիական հարցումներ է անցկացնում կանանց նկատմամբ իրականցվող ընտանեկան բռնությունը կանխելու նպատակով։ --0--