Հայաստանը անվտանգության համակարգի բարեփոխման երկրորդ փուլին է անցել. Պաշտպանության նախարար

26.11.2008, 19:42
Հայաստանը անվտանգության համակարգի բարեփոխման երկրորդ փուլին է անցել. Պաշտպանության նախարար
Հայաստանը անվտանգության համակարգի բարեփոխման երկրորդ փուլին է անցել. Պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը անվտանգության համակարգի բարեփոխման երկրորդ փուլին է անցել՝ բարեհաջող կերպով ավարտելով առաջինը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության պաշտպանության նախարարությունից, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հարվարդի համալսարանի Սևծովյան անվտանգության ծրագրի 7-րդ Երևանյան սեմինարում նշել է, որ Հայաստանի անվտանգության համակարգում բարեփոխումներն իրականացվում են երկու փուլով։

Նրա խոսքերով, առաջին փուլում մշակվել են հայեցակարգային փաստաթղթեր` Ազգային անվտանգության ռամավարությունը և Ռազմական դոկտրինը, ձեռնարկվել են իրավական բարեփոխումներ:

«Ազգային անվտանգության ռազմավարության մշակման ժամանակ մենք ռուսաստանյան տեսական-մեթոդաբանական մոտեցումները լրացրեցինք և հարստացրեցինք արևմտյան մեթոդաբանությամբ»,- ասաց Օհանյանը, նշելով, որ այդ փաստաթղթի մեթոդաբանական փորձաքննությունն անցկացվեց ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի առաջատար գիտական կենտրոններում:

Օհանյանը նշեց, որ բարեփոխումների երկրորդ փուլին անցնելիս առանձին կարևորություն է տրվում այնպիսի ստանդարտների և չափանիշների մշակմանն ու ներդրմանը, որոնք ապահովեն մեր պաշտպանական համակարգի մեծ արդյունավետությունը և գործընկեր ու դաշնակից պետությունների, ինչպես նաև միջազգային անվտանգային կազմակերպությունների համապատասխան կառույցների հետ լիարժեք փոխգործելիությունը:

«Այդ ստանդարտների ընտրության հարցում մենք լիովին օգտագործեցինք ՀՀ արտաքին քաղաքականության մեջ որդեգրված փոխլրացման սկզբունքով ընձեռվող հնարավորությունները»,- ասաց նա։

Նախարարի խոսքերով, բարեփոխումներն իրականացվում են Հայաստան–ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» շրջանակներում, ինչը մեզ հնարավորություն տվեց ուսումնասիրելու և տեղայնացնելու հարուստ արևմտյան փորձն ու ավանդույթները:

«Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ անդամ պետությունների և հատկապես Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ այդ կազմակերպության շրջանակներում գործող ստանդարտներից ընտրել մեզ համար առավել ընդունելիները և ստեղծագործաբար համադրել արևմտյանի հետ»,- ասաց նա: -0-