Իջևան քաղաքում մարդ է թալանվել և սպանվել
Երկուշաբթի Իջևան քաղաքում մարդ է թալանվել ու սպանվել, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 24-ի կեսօրին ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իջևանի «Սպիտակ ջուր» կոչվող տարածքում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 44-ամյա Վալերի Աղինյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի կրծքավանդակի և որովայնի մասերում հայտնաբերվել են որսորդական հրացանից արձակված գնդակի կոտորակներից թողնված վնասվածքների հետքեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աղինյանի մոտ եղել է 8.000.000-ից-10.000.000 դրամ (26-33 հազար ԱՄՆ դոլար), որը նրա մոտից հափշտակել է անհայտ անձը:
Նոյեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.30-ի սահմաններում, Իջևան քաղաքի «Մարմար» ռեստորանի մոտ Աղինյանին սպանել և նրա մոտ եղած գումարը հափշտակել է 31-ամյա Արտակ Ճ.-ն, իսկ այնուհետև 51-ամյա Անուշ Բ.-ին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով դիակը տեղափոխել «Սպիտակ ջուր» կոչվող տարածք:
Հաղորդագրության համաձայն, հափշտակված գումարի մի մասը` 2.000.000 դրամը, հայտնաբերվել և առգրավվել է:
Արտակ Ճ.-ն ձերբակալված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:--0--