Հայաստանի համար գլխավոր ռազմական սպառնալիքներից է Ղարաբաղյան զինված հակամարտության առկայությունը. Պաշտպանության նախարար
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի համար գլխավոր ռազմական սպառնալիքներից է Ղարաբաղյան զինված հակամարտության առկայությունը, կարծում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Հայաստանի համար գլխավոր ռազմական սպառնալիքներից է Ղարաբաղյան զինված հակամարտության առկայությունը և հակամարտող կողմերի միջև հակամարտության կարգավորման փոխհամաձայնեցված քաղաքական-իրավական հիմքեր չլինելը»,- ասել է Օհանյանը Հարվարդի համալսարանի Սևծովյան անվտանգության ծրագրի 7-րդ Երևանյան սեմինարում:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նախարարը նշել է, որ այդ համատեքստում առավել լուրջ մտահոգության առիթ են տալիս Ադրբեջանի կողմից վարվող ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականությունը, պաշտպանական բարեփոխումների քողի ներքո Հայաստանի նկատմամբ ռազմական գերակայության հասնելու և նոր պատերազմի սանձազերծմամբ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժի կիրառմամբ հօգուտ իրեն լուծելու միտվածությունը:
«Դրա հետ մեկտեղ, ինչպես բոլոր պետությունների, այնպես էլ Հայաստանի համար անհամաչափ սպառնալիք են ներկայացնում վերազգային հանցագործությունները, այդ թվում` միջազգային ահաբեկչությունը, զանգվածային ոչնչացման զենքի ու դրա բաղադրամասերի, թմրանյութերի ու հոգեներգործիչ նյութերի անօրինական շրջանառությունը, մարդկանց առևտուրը», -ասել է Պաշտպանության նախարարը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։-0-