ՀՀ ոստիկանության պետը և UNICEF-ի ներկայացուցիչը քննարկել են համագործակցության հարցեր

26.11.2008, 11:45
ՀՀ ոստիկանության պետը և UNICEF-ի ներկայացուցիչը քննարկել են համագործակցության հարցեր

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի-Ջիլանին երեքշաբթի քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ոստիկանության և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցության դերն ու բարերար ազդեցությունը իրականացվող աշխատանքներում:

Նշվել է, որ 2001 թվականից ի վեր` ամեն տարի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ տարբեր թեմաներով և բովանդակությամբ վերապատրաստման դասընթացներ են անցկացվում անչափահասների հետ աշխատող ոստիկանության աշխատակիցների համար:

Կողմերի միջև ստորագրված պայմանագրի համաձայն, վերապատրաստվել է ոստիկանության շուրջ 80 աշխատակից։

2004 թ.-ին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի արդյունքում մշակվել էր «Երեխայի հանդեպ բռնության և անտեսման կանխարգելման պետական հայեցակարգը, միջգերատեսչական համագործակցության սկզբունքներն ու գործողությունների կանոնակարգը», որը ՀՀ ոստիկանության կողմից ներկայացվել էր Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին` շրջանառության մեջ դնելու նպատակով:

Մեկ տարի անց՝ 2005 թ.-ին, տարեկան ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ղեկավարության հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը մշակել էր «Ձեռնարկ ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով աշխատակիցների համար»։

Ձեռնարկը ծառայում է որպես մասնագիտական ուղեցույց և անչափահասների գործերով աշխատակիցներին ստեղծված բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հնարավորություն է տալիս:

Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ արտերկրում ներկայացվել են ՀՀ ոստիկանության կողմից անչափահասների ոլորտում իրականացված աշխատանքները

Այսպես, 2005 թ. սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի Յորք քաղաքի համալսարանում կազմակերպված XVI միջազգային համաժողովին ներկայացվել էր ՀՀ ոստիկանության կողմից վերջին 10 տարիների ընթացքում անչափահասների ոլորտում իրականացված բարեփոխումները, ծրագրերը, իրականացված աշխատանքները։

Իսկ 2007 թ. դեկտեմբերին ՄԱԿ-ում անցկացված երեխաների վերաբերյալ Գլխավոր Ասամբլեայի հատուկ նստաշրջանի Բարձրաստիճան լիագումար նիստին, որին մասնակցում էին աշխարհի 133 երկրների պատվիրակության անդամներ, ՀՀ ոստիկանության կողմից ներկայացվել է վերջին հինգ տարիների ընթացքում երկրում իրականացված բարեփոխումները և ձեռքբերումները երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:-0-