ՀՀ նախագահը Դրեզդենի Օլիմպիադայում հայ շախմատիստների հաջողությունն անվանել է թիմային միասնականության հաղթանակ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Դրեզդենի Օլիմպիադայում հայ շախմատիստների հաջողությունն անվանել է թիմային միասնականության հաղթանակ։
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երեքշաբթի չինացի շախմատիստների նկատմամբ հաղթանակ է տարել Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ փուլում՝ երկրորդ անգամ անընդմեջ դառնալով օլիմպիական չեմպիոն։ ՀՀ նախագահը երկուշաբթի մեկնել էր Դրեզդեն՝ հավաքականին աջակցելու նպատակով։
«Մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք, և մեզ համար չափազանց կարևոր է առավել ճանաչելի լինել աշխարհում։ Այսօր շատ լուրջ քայլ է արվել այդ ուղղությամբ», - ասել է ՀՀ նախագահը։
Նա տեղեկացրել է, որ «ոսկե» թիմը Հայաստան կվերադառնա չորեքշաբթի։ «Եթե մենք վերադառնայինք այսօր, ապա Հայաստան կհասնեինք ուշ գիշերով, իսկ ժողովրդին ուշ գիշերն անհանգստացնելը ճիշտ չէ, քանի որ տղաներին դիմավորելու է ողջ ժողովուրդը», - ասել է ՀՀ նախագահը։
Նա նշել է, որ Հայաստանում շախմատը սկսել է մեծ ժողովրդայնություն վայլել աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթանակից հետո։
«Տիգրան Պետրոսյանից հետո Հայաստանում բոլորը սկսեցին շախմատ խաղալ», ընդգծել է ՀՀ նախագահը։-0-