Հայաստանը պետք է Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորի. Եգիպտոսի դեսպան
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է ԼՂՀ հակամարտությունը միայն խաղաղ բանակցություններով կարգավորի, երեքշաբթի հայտնեց Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Վախիդ Էլ Դին Իսմայիլ Գալալը Երևանի Պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
«Եգիպտոսի պատմության մեջ Իսրայելի հետ ռազմական բախման մի քանի դրվագ է եղել։ 1973 թ.-ին մեր երկիրը ռազմական հակամարտության փոխարեն գերադասեց խաղաղ կարգավորումը։ Այսօր Հայաստանը Եգիպտոսի օրինակով պետք է Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծի»,- ասաց դեսպանը։
Դիվանագետի կարծիքով, Ղարաբաղյան և արաբ-իսրայելական հակամարտությունները նման են, քանի որ պատմական արմատներ ունեն։
«Ընտրելով ռազմական ուղին՝ Հայաստանն ու Ադրբեջանը ԼՂՀ հակամարտությունը չեն կարգավորի։ Հակամարտության երկու կողմերն էլ պարտավոր են լուծման խաղաղ ուղիներ որոնել»,- ավելացրեց Վախիդ Էլ Դին Իսմայիլ Գալալը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։-0-