Հայաստանում առաջին անգամ հաշմանդամների թափուր աշխատատեղերի տոնավաճառ է կազմակերպվել

Հայաստանում առաջին անգամ հաշմանդամների թափուր աշխատատեղերի տոնավաճառ է կազմակերպվել՝ «Օգտագործիր աշխատելու քո իրավունքը» կարգախոսով։
«Մենք ինտեգրված միջացառումների կողմնակից ենք և չենք ընդունում խտրականություն այս հարցում, բայց ելնելով գործնական նկատառումներից, որ սովորական տոնավաճառներում հաշմանդամների համար թափուր տեղերը շատ քիչ են, մենք որոշեցինք կազմակերպել հաշմանդամ մարդկանց համար մասնագիտացված տոնավաճառ»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տոնավաճառի բացմանը հայտնեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։
Տոնավաճառին նախորդող ամսվա ընթացքում «Ունիսոնի» անձնակազմը աջակցություն է ցուցաբերել աշխատանք փնտրող հաշմանդամներին ինքնակենսագրական կազմելու հարցում, ինչպես նաև խորհրդատվություն է տրամադրել աշխատանք գտնելու և հարցազրույց անցնելու ուղղությամբ։
«Հաշմանդամները սոցիալական ամենացածր սանդղակում են գտնվում, հիմնականում նրանք ապահովված չեն աշխատանքով, և աշխատանքը նրանց համար ոչ միայն ինքնարտահայտման միջոց է, այլև անկախություն ձեռք բերելու մի ձև»,- հայտնեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության PR-մենեջեր Մարիաննա Ալավերդյանը։
Նրա խոսքերով, երրորդ հազարամյակի տեխնիկական առաջընթացը հաշմանդամներին անսահամանափակ հնարավորություններ է տալիս։
Թափուր աշխատատեղերի տոնավաճառին մասնակցեցին շուրջ 30 գործատուներ, որոնց թվում են «VivaCell - МТS»-ը, HSBC-ն, «Կոնվերսբանկը», «Coca-Cola»-ն, «Յունիկոմպը»։
Նախագիծն իրականանում է Աջակցության հիմնադրամի բաց հասարակության ինստիտուտի և Նիդեռլանդների կառավարության աջակցությամբ։
Ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանում այսօր շուրջ 150 000 հաշմանդամ կա, ընդ որում՝ աշխատունակ տարիքի 100 000 մարդկանցից աշխատում է միայն 8 տոկոսը։ -0-