Մեծ Բրիտանիան կշարունակի գործունեությունը Հայաստանում՝ չնայած DFID առաքելության ավարտին. դեսպան
Մեծ Բրիտանիան մտադիր է շարունակել տարբեր ծրագրերի իրականացումը Հայաստանում՝ չնայած Միջազգային զարգացման նախարարության (DFID) երկկողմ համագործակցության ծրագրի ավարտին, հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը։
DFID-ն Հայաստանում ծրագրեր էր իրականացնում 1997 թ.-ից, և այդ ընթացքում Մեծ Բրիտանիան հանրապետությանը ժողովրդավարության և շուկայական տնտեսության ամրապնդման գծով ավելի քան 70 մլն ֆունտ ստեռլինգ գումարի օժանդակություն է ցուցաբերել (104,6 մլն. ԱՄՆ դոլար)։
Մենք հպարտ ենք DFID-ի՝ Հայաստանում իրականացրած գործունեությամբ և շարունակելու ենք աջակցել Հայաստանին կայուն և բարեկեցիկ հասարակություն ձևավորելու ջանքերում»,- երեքշաբթի նա ասաց լրագրողներին։
Լոնսդեյլը նշեց, որ համատեղ ծրագրերը, որոնք իրականացվում են կյանքի շատ ոլորտներում, կշարունակվեն, ինչպես նաև կփնտրվեն համագործակցության նոր հնարավորություններ։
«Հայաստանում մեր գործունեության ոլորտները, մասնավորապես, հակամարտությունների կասեցումն է, ռազմական ոլորտի զարգացման սատարումը, ժողովրդավարական գործընթացների և բնակչության խոցելի շերտերի աջակցումը, ինչպես նաև հայ ուսանողներին Մեծ Բրիտանիայում սովորելու հնարավորության տրամադրումը»,- պարզաբանեց նա։
Խոսելով հակամարտությունների կարգավորման ու կասեցման աշխատանքների մասին՝ դեսպանը նշեց, որ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, չներգրավվելով պետական կառույցների գործունեության մեջ, դեսպանատունը աշխատանք է տանում հայ և ադրբեջանցի ուսանողների միջև տարածաշրջանային հանդիպումների և շփումների կազմակերպման և անցկացման ուղղությամբ։
Իր հերթին, Միջազգային զարգացման նախարարության (DFID) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Պոլին Հեյսն ասաց, որ DFID-ի և Հայաստանի համագործակցության ծրագրի ավարտի մասին որոշումը պայմանավորված է նրանով, որ Միջազգային համագործակցության ու զարգացման կազմակերպությունը 2006 թ.-ի սկզբին Հայաստանը դասել է միջին եկամուտներ ունեցող երկրների թվին, մինչդեռ DFID-ի սատարման քաղաքականությունը հիմնականում ուղղված է ցածր եկամուտ ունեցող երկրներում համապատասխան ծրագրերի իրագործմանը։
DFID-ի ծրագրերն ուղղված են եղել հանրային ոլորտի բարեփոխումներին, հանրային ֆինանսների կառավարմանը, ինչպես նաև հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ DFID-ը աջակցել է հանրային ոլորտի կառավարման արդյունավետությանը, բոլոր մակարդակներում հաշվետվության ու թափանցիկության բարձրացմանը։ --0--