Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները մտադիր են շարունակել ջանքերը երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Բաբաջանը պայմանավորվեցին շարունակել երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։
Ինչպես հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, այդ մասին հայտարարվել է Ստամբուլում երկու երկրների ԱԳՆ ղեկավարների երկկողմ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում։
«Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Բաբաջանը իրենց հանդիպումը գնահատեցին որպես օգտակար՝ նշելով, որ այն անցավ կառուցողական մթնոլորտում»,- նշեցին մամուլի ծառայությունից։
Առավել քան երկուսուկես ժամ տևած քննարկմանը նախարարներ Նալբանդյանն ու Բաբաջանը անդրադարձան երկկողմ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի, մտքեր փոխանակեցին Անվտանգության և համագործակցության կովկասյան պլատֆորմի նախաձեռնության վերաբերյալ:
Պատասխանելով Ստամբուլում լրագրողների հարցերին՝ Նալբանդյանը նշեց, որ հարաբերությունների լիակատար կարգավորումը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից, և Հայաստանի ու Թուրքիայի միջև ընթացող երկխոսությունը ուղղված է հենց այդ նպատակին` դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանը։
Նրա խոսքերով, հարաբերությունների կարգավորումը չպետք է դիտարկել որպես Թուրքիայի կողմից շնորհ Հայաստանին, քանի որ դրանում ոչ պակաս շահագրգռված է Թուրքիան: -0-