ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Սանկտ-Պետերբուրգում հանդիպել են քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

25.11.2008, 12:57
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Սանկտ-Պետերբուրգում հանդիպել են քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

 ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հրայր Կարապետյանի գլխավորությամբ խորհրդարանի պատվիրակության անդամները երկուշաբթի Սանկտ Պետերբուրգում հանդիպել են քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սանկտ Պետերբուրգում հայկական պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին։

Հանդիպման ընթացքում Կարապետյանը կարևորել է հայ համայնքի դերը և հայապահպանությանն ուղղված աշխատանքները։ «Կարապետյանը հույս է հայտնել, որ Սանկտ Պետերբուրգում բնակվող մեր հայրենակիցներն ամեն ջանք կգործադրեն այսուհետ ևս ազգային ավանդույթները, մշակույթը պահպանելու համար և իրենց ներդրումը կունենան Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի ամրապնդմանը», - նշեցին հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սանկտ Պետերբուրգի հայ համայնքն ունի 290-ամյա պատմություն: 1770 թ. կայսրուհի Եկատերինա Երկրորդի հրամանագրով կոմս Լազարևին (Լազարյան) արտոնվում է կառուցել եկեղեցիներ, որոնցից առաջինն օծվում է 1780 թ.-ին։

Սուրբ Կատերինա եկեղեցին, որը գտնվում է Նևսկի պողոտայում, հայ համայնքին է վերադարձվել 1992 թվականին: Տեղի հոգևոր հովվի և այսօրվա բարերարների ջանքերով այն վերանորոգվել և իր դռներն է բացել բոլորի համար։ Վերանորոգվում են նաև եկեղեցպատկան շենքերը:

Ս. Կատերինայի հարևանությամբ գործում է «Հյուրատունը», որն ունի 22 հարմարավետ սենյակ: Այստեղ իջևանում են տարբեր երկրներից ժամանած հոգևորական այրերը:

Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայ առաքելական եկեղեցու ուսումնական թեմում գործում է կիրակնօրյա դպրոցը: Ավելի քան 100 հայ երեխաներ գրել-կարդալ են սովորում: Դասավանդվում են հայոց լեզու և գրականություն, հայ ժողովրդի պատմություն, հայրենի բնություն, հայագիտություն: Այստեղ կա գրադարան, գործում է պարի խումբ։

Վերանորոգումից հետո կգործի նաև հայ եկեղեցու վարչական շենքը, կլինի խորհրդակցությունների սենյակ։ Կբացվի հայ համայնքին և տեղի հայ եկեղեցիների պատմությանը նվիրված ցուցահանդես:

Հայկական պատվիրակության անդամները եղել են նաև Սուրբ Հարություն եկեղեցում և թիվ 259 գիմնազիայում:   

Պատվիրակության կազմում են ԱԺ ‎ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախա‎գահ Գագիկ Մինասյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Հերմինե Նաղդալյանը և Արա Նռանյանը,  պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Մանուկյանը:-0-