Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարությունն ավարտում է երկկողմ համագործակցության ծրագիրը Հայաստանում

24.11.2008, 20:00
Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարությունն ավարտում է երկկողմ համագործակցության ծրագիրը Հայաստանում

Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարությունն (DFID) ավարտում է երկկողմ համագործակցության ծրագիրը Հայաստանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից։

DFID ծրագրի իրականացման արդյունքները քննարկվել են երկուշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի և Միջազգային զարգացման նախարարության (DFID) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Պոլին Հեյսի հանդիպման ժամանակ:

«Նկատի առնելով, որ Հայաստանը 2006թ. սկզբին դասվել է միջին եկամուտի ստորին շեմ ապահովող երկրների շարքը, իսկ ՄԹ միջազգային զարգացման նախարարության աջակցության քաղաքականությունը հիմնականում ուղղված է ցածր եկամուտ ունեցող երկրներում համապատասխան ծրագրերի իրագործմանը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է 2008թ. վերջին Հայաստանում ավարտել երկկողմ աջակցության ծրագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հանդիպման ընթացքում վարչապետը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության կառավարության հետ համագործակցությունը և մինչ այժմ տարբեր ոլորտներում Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարության իրականացրած ծրագրերը համարել է մեր երկրի համար կարևոր»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ծրագրերն ուղղված են եղել կառավարման և ինստիտուցիոնալ համակարգի բարելավմանը, մասնավորապես, հանրային ոլորտի բարեփոխումներին, ծրագրային բյուջետավորման ընդլայնմանը, մարզերի զարգացմանը և այլն:

Լոնսդեյլը և Հեյսը այս կապակցությամբ նշել են, որ Հայաստանի հետ փոխգործակցությունը չի ավարտվում։

Նրանք ընդգծել են, որ Մեծ Բրիտանիան շարունակելու է մեծ ուշադրությամբ հետևել Հայաստանի հետագա ընթացքին: Միջազգային կազմակերպությունների շրջանակում ցուցաբերվող օժանդակությունից զատ, Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը շարունակելու է օժանդակել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև սատարել տարածաշրջանում առկա հակամարտությունների, այդ թվում` ԼՂ հակամարտության, խաղաղ կարգավորմանը

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամին, Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցության մեղմմանն ուղղված կառավարության մշակած համալիր միջոցառումներին:--0--