ՀՀ նախագահը մեկնել է Դրեզդեն՝ ներկա գտնվելու Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ փուլին

24.11.2008, 17:56
ՀՀ նախագահը մեկնել է Դրեզդեն՝ ներկա գտնվելու Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ փուլին
ՀՀ նախագահը մեկնել է Դրեզդեն՝ ներկա գտնվելու Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ փուլին

Հայաստանի նախագահը, ով ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահն է, մեկնել է գերմանական Դրեզդեն քաղաք, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Նախագահը ներկա կգտնվի օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի և Չինաստանի հավաքականների խաղին, որը կանցկացվի նոյեմբերի 25-ին Շախմատի համաշխարհային 38-րդ Օլիմպիադայի շրջանակներում»,- հայտնեցին մամուլի ծառայությունից։

Շախմատի համաշխարհային 38-րդ Օլիմպիադայում հայ շախմատիստներին ոգեշնչելու իր որոշման մասին նախագահը հայտնել էր դեռևս նոյեմբերի 7-ին շախմատի հայկական հավաքականի հետ հանդիպմանը Ջերմուկում։ Երկրի ղեկավարը խոստացել էր, որ ներկա կգտնվի հայ օլիմպիականների փուլերից մեկին շախմատային օլիմպիադայի ընթացքում։

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային 38-րդ Օլիմպիադայում։

Կիրակի հայ շախմատիստները 3։1 հաշվով հաղթանակ են տարել սերբերի նկատմամբ և 17 միավորով կիսում են 1-2-րդ տեղերը ուկրաինացիների հետ։ Մեկ միավորով ետ են մնում իսրայելցիներն ու չինացիները։ Ռուսաստանի, Նիդեռլանդների, Իսպանիայի և ԱՄՆ-ի հավաքականները 15 միավորով կիսում են 5-8-րդ տեղերը։

Երեքշաբթի կայանալիք վերջին՝ 11-րդ փուլում հայ շախմատիստներն ուժերը կչափեն չինացիների հետ, իսկ ամերիկացիները կխաղան ուկրաինացիների հետ, իսրայելցիները՝ հոլանդացիների, ռուսները՝ իսպանացիների հետ։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը գործող օլիմպիական չեմպիոնն է։

Շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվում է 2008 թ.-ի նոյեմբերի 12-25-ը Դրեզդենում (Գերմանիա)։ --0—