Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ

24.11.2008, 16:22
Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկուշաբթի հանդիպել է աշխարհահռչակ դուդուկահար, երգահան, Հայաստանի ժողովրդական արտիստ, միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ջիվան Գասպարյանի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

«Հանդիպման ընթացքում նախարարը շնորհավորեց մեծանուն վարպետին` ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ` ցանկանալով նրան երկարակեցություն, անսպառ եռանդ, ստեղծագործական հաջողություններ և նվիրական իղձերի իրականացում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Օհանյանը նշեց, որ անուրանալի է Ջիվան Գասպարյանի վիթխարի ներդրումը միջազգային ասպարեզում հայկական երգարվեստի ճանաչման գործում. նրա շնորհիվ Հայաստանն աշխարհին ներկայանում է դուդուկի միջոցով, որը հնչում է աշխարհի ամենահեղինակավոր բեմերից և ամենահայտնի ֆիլմերում` հուզելով մարդկանց սրտերը, ճշմարիտ վայելք պատճառելով նրանց:

«Հայկական ժողովրդական գործիքներից անտեղյակ աշխարհը մի օր զարմանքով տեսավ, թե ինչպես է փայտե հասարակ մի գործիք այդքան հեշտությամբ գրավում մարդկանց հոգիները` ստեղծելով հոգեպարար տրամադրություն: Եվ այս առումով տասնամյակներ տևած Ձեր ազգանվեր աշխատանքի կարևորությունը դժվար է գերագնահատել, քանզի մշակույթը հայ ազգի համար միշտ ունեցել է կենսական նշանակություն»,-ասաց պաշտպանության նախարարը՝ հանրահայտ դուդուկահարին նվիրելով խորհրդանշական սուր և ցանկանալով, որ «սուրն ու դուդուկն անբաժան լինեն»:

Հանդիպման ավարտին հանրաճանաչ Վարպետը շնորհակալություն հայտնեց նախարարին ջերմ ընդունելության համար` նրան նվիրելով համաշխարհային տարածում գտած իր ձայնասկավառակը` իր հերթին նշելով, որ հանդիպում է ամենաինտելիգենտ կեցվածքով գեներալին, որին երբևէ ճանաչել է:--0--