ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել բանկային աշխատողի օրվա և ՀՀ դրամի թողարկման 15-րդ տարեդարձի կապակցությամբ

24.11.2008, 10:53
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել բանկային աշխատողի օրվա և ՀՀ դրամի թողարկման 15-րդ տարեդարձի կապակցությամբ
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել բանկային աշխատողի օրվա և ՀՀ դրամի թողարկման 15-րդ տարեդարձի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը շնորհավորական ուղերձ է հղել նոյեմբերի 22-ին նշվող բանկային աշխատողի օրվա և ՀՀ դրամի թողարկման 15-րդ տարեդարձի կապակցությամբ։

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքերով, այդ օրը տարեցտարի զարգացող հայկական ֆինանսաբանկային համակարգի ձեռքբերումները վերանայելու և ամփոփելու լավագույն հնարավորությունն է:

Վարչապետը նշել է, որ հայկական բանկային համակարգը կարճ պատմական, սակայն բովանդակությամբ հարուստ ուղի է անցել։

«Նորանկախ մեր երկրում բանկերի ձևավորումն ու ՀՀ արժույթի թողարկումը նոր Հայաստան կերտելու ազգային կամքի մի մասնիկը հանդիսացան», - ասվում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ուղերձում։

Վարչապետի խոսքերով, ժամանակի դժվարին հանգամանքների առկայության պայմաններում ֆինանսաբանկային համակարգի զարգացումն ուղեկցվել է բազմաթիվ փորձություններով, իսկ հասարակության կողմից թերահավատությունը հայկական բանկերի և դրամի նկատմամբ ամենամեծ մարտահրավերներից մեկն էր։

««Ազգային արժույթ», «ավանդ», «վարկ», «բանկային փոխանցում» հասկացությունները խորթ էին նախկին խորհրդային պետության քաղաքացիների համար, և մարդիկ մեծ դժվարությամբ էին ընտելանում դրանց», - նշել է վարչապետը։

Նրա խոսքերով, նպատակաուղղված ջանքերի և կանոնակարգված աշխատանքի շնորհիվ հաջողվեց հաղթահարել մարտահրավերները և բարձրացնել վստահության մակարդակը ՀՀ բանկերի և դրամի նկատմամբ:

«Այսօր հպարտությամբ ենք ասում, որ մենք ունենք կայուն ու վստահելի ազգային արժույթ և բանկային համակարգ», - ընդգծել է վարչապետը։

Նրա խոսքերով, դրա վառ ապացույցն են հանդիսանում համաշխարհային ֆինանսական ճգնաժամին դիմակայելու հայկական ֆինանսաբանկային համակարգի արդեն իսկ ցուցաբերած ունակությունը, ինչպես նաև զարգացած երկրներին բնորոշ բանկային մշակույթի ձևավորումն ու սրընթաց զարգացումը Հայաստանում։

«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բանկային համակարգի բոլոր աշխատողներին մաղթում եմ բարեկեցություն, երջանկություն և արդյունավետ աշխատանքային գործունեություն», - ասվում է ուղերձում։-0-