Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել Դրեզդենում անցկացվող Օլիմպիադայում

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շարունակում է առաջատար դիրքը զբաղեցնել Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային 38-րդ Օլիմպիադայում։
Կիրակի հայ շախմատիստները 3։1 հաշվով հաղթանակ են տարել սերբերի նկատմամբ և 17 միավորով կիսում են 1-2-րդ տեղերը ուկրաինացիների հետ։ Մեկ միավորով ետ են մնում իսրայելցիներն ու չինացիները։ Ռուսաստանի, Նիդեռլանդների, Իսպանիայի և ԱՄՆ-ի հավաքականները 15 միավորով կիսում են 5-8-րդ տեղերը։
Երեքշաբթի կայանալիք վերջին՝ 11-րդ փուլում հայ շախմատիստներն ուժերը կչափեն չինացիների հետ, իսկ ամերիկացիները կխաղան ուկրաինացիների հետ, իսրայելցիները՝ հոլանդացիների, ռուսները՝ իսպանացիների հետ։
Շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվում է 2008 թ.-ի նոյեմբերի 12-25-ը Դրեզդենում (Գերմանիա)։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը գործող օլիմպիական չեմպիոնն է։ Տղամարդկանց հավաքականի կազմում են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը։-0-