Նոր մարտահրավերներին դիմագրավելու համար Հայաստանը գտնվում է ամուր դիրքերում. ԱՄՀ

21.11.2008, 19:34
Նոր մարտահրավերներին դիմագրավելու համար Հայաստանը գտնվում է ամուր դիրքերում. ԱՄՀ
Նոր մարտահրավերներին դիմագրավելու համար Հայաստանը գտնվում է ամուր դիրքերում. ԱՄՀ

Նոր մարտահրավերներին դիմագրավելու համար Հայաստանը գտնվում է ամուր դիրքերում։ Այս մասին Հայաստանի ազգային արժույթը շրջանառության մեջ դնելու 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում «Ֆինանսական կայունությունը փոփոխվող աշխարհում» թեմայով կլոր սեղանի ընթացքում հայտարարեց ԱՄՀ տնօրեն-կառավարչի տեղակալ Մուրիլո Պորտուգալը (Murilo Portugal)։   

«Հիմնականում զերծ լինելով ֆինանսական վայրիվերումներից` Հայաստանում գնաճը համեմատաբար ցածր է, երկրի դիրքերը հարկաբյուջետային առումով ամուր են, իսկ իրականացվող քաղաքականության վարկունակությունն ամրագրված է վերջին 15 տարիների ընթացքում արձանագրված նվաճումներով, մասնավորապես, պատշաճ մակրոտնտեսական քաղաքականությամբ և տարբեր ոլորտներում վճռական բարեփոխումների իրականացմամբ»,- ուրբաթ Պորտուգալի խոսքերը մեջբերեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Ընդ որում նա նշեց, որ ԱՊՀ երկրները ևս անմասն չեն մնացել ֆինանսական ճգնաժամի ազդեցություններից: «ԱՄՀ-ն աջակցել է Հայաստանին թե ֆինանսավորմամբ, թե տեխնիկական աջակցությամբ և ապագայում էլ շարունակելու է դա անել»,- ասաց Պորտուգալը։

Միևնույն ժամանակ ԱՄՀ ներկայացուցիչը նշեց, որ հայկական դրամի հոբելյանը վկայում է Հայաստանում տեղի ունեցած առանցքային և հաջող փոփոխությունների մի ժամանակաշրջանի մասին:

ԱՄՀ տնօրեն-կառավարչի տեղակալն ասաց, որ ինքը բացահայտել է ֆինանսական հատվածի կարգավորման և վերահսկողության ոլորտներում առկա լուրջ բացթողումները, վարկային վարկանշմամբ զբաղվող կազմակերպություններում առկա խնդիրները:

Մուրիլո Պորտուգալը գոհունակությամբ հիշատակեց այն փաստը, որ նոյեմբերի 17-ին ԱՄՀ գործադիր խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանին Աղքատության կրճատման և տնտեսական աճի (ԱԿՏԱ) ծրագրի շրջանակներում տրամադրել 13,6 միլիոն դոլարի եռամյա վարկ: Նա ևս մեկ անգամ հաստատեց, որ ճգնաժամի սաստկացման և վերջինիս ազդեցությունների տարածման պարագայում ԱՄՀ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին:

Փորձագետների գնահատմամբ, շարունակվող ճգնաժամի արդյունքում համաշխարհային տնտեսության աճի տեմպերը գնալով դանդաղելու են, մասնավորապես, 2008 թ. համար ԱՄՀ-ն կանխատեսում է 3.7 տոկոս, իսկ 2009 թ. համար` 2.2 տոկոս։

«ԱՄՀ-ն մտադիր է այս կապակցությամբ մի շարք միջոցառումներ իրականացել։ Մասնավորապես, արտակարգ ֆինանսավորման և քաղաքականության իրականացման համար խորհրդատվության ապահովում, վարկավորման գործիքների հզորացում, հեռակա վերահսկողության հստակեցում, ֆինանսական կարգավորման և վերահսկողության հանդեպ բազմակողմանի մոտեցման աջակցություն, աջակցություն գլոբալ ֆինանսական համակարգի նոր դիզայնի ձևավորմանը»,- ասաց Պորտուգալը։

2008թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 9,2%՝ 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։Պետբյուջեի համաձայն, ՀՆԱ ծավալը 2008թ. համար ծրագրված է 10%-ի չափով:

Հոկտեմբեր ամսին գրանցվել է գնաճ՝ 4,9%-ի չափով՝ 2007 թվականի դեկտեմբերի համեմատ, իսկ տարեկան կտրվածքով ՀՀ սպառողական շուկան թանկացել է 8,6%-ով:  Պետբյուջեի համաձայն, գնաճը 2008թ. համար ծրագրված է 4%-ի (±1,5%) չափով: Համանման գնաճ նախատեսված է 2009թ. պետբյուջեի նախագծով:--0--