Հայաստանը սիրտ-անոթային հիվանդությունների մակարդակով չի զիջում Եվրոպային

Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ Հայաստանում ավելի շատ չեն, քան Եվրոպայում, կարծում է Սիրտ-անոթային վիրաբուժության կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը։
«Որոշ ժողովուրդներ սիրտ-անոթային հիվանդությունների նկատմամբ հակվածություն ունեն։ Նրանց թվում կարելի է նշել սևամորթներին, հնդիկներին ու արաբներին... Մենք՝ հայերս, ևս հակում ունենք, բայց չի կարելի ասել, որ մենք սրտային հիվանդների թվով խիստ տարբերվում ենք մյուս եվրոպացիներից»,- ուրբաթ Խաչատրյանն ասաց լրագրողներին։
Նրա խոսքերով, վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայերի շրջանում սրտային հիվանդություններ ունեցողները գրեթե նույնքան են, որքան այլ եվրոպեոիդ ռասսաներում։
Սրտաբանը կարծում է, որ հայերի շրջանում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը նպաստում է ոչ առողջ ապրելակերպը, ծխելը և սխալ սնվելը։
Սրտաբանի կարծիքով, վերջին տարիներին բժշկությունը Հայաստանում զարգանում է, և բարելավվում են սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման հնարավորությունները։
Բացի այդ, ինչպես նշեց Խաչատրյանը, Հայաստանում կենսամակարդակը ևս բարձրանում է, և մարդիկ վերջին տարիներին սկսել են ավելի հաճախ բժշկի դիմել, ինչը չէին անում 90-ականների վերջին։
«Այդ պատճառներով մենք սկսել ենք ավելի հաճախ իմանալ հիվանդությունների մասին, բայց դա չի նշանակում, որ հիվանդների թիվն է ավելացել»,- ասաց Խաչատրյանը։
Փորձագետների տվյալներով, վերջին տարիներին Հայաստանում նկատվում է սիրտ-անոթային հիվանդությունների թվի կտրուկ աճ, ինչը բնորոշ է զարգացող երկրների, հատկապես նախկին խորհրդային հանրապետությունների և Արևելյան Եվրոպայի երկրների համար։
ԱՀԿ վիճակագրության համաձայն, սրտի և անոթների հիվանդությունները ներկայումս առաջատար տեղ են զբաղեցնում զարգացած երկրներում մահացության պատճառների շրջանում։ Սրտային հիվանդությունների դեպքերի թիվը անընդհատ աճում է, իսկ հիվանդների տարիքը անշեղորեն իջնում։ Քիչ չեն դեպքերը, երբ սրտի միոկարդի կաթվածով հիվանդի տարիքը չի գերազանցում 23-25 տարեկանը։ Սրտի հիվանդություններ հատկապես հաճախ պատահում են աշխատունակ տարիքի տղամարդկանց շրջանում։ --0--