Պաշտոնական Երևանը չի կարող Ղարաբաղի հարցով այս կամ այն որոշումը պարտադրել. Ղարաբաղի պատգամավոր
Ղարաբաղյան խորհրդարանի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը պաշտոնական Երևանի կողմից ԼՂՀ հակամարտության լուծման որևէ պարտավորեցնող տարբերակ ներկայացնելը հնարավոր չի համարում։
Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Աթանեսյանը հայտարարեց, որ ինքը հանդես է գալիս որպես խորհրդարանի պատգամավոր և ներկայացնում է իր սեփական տեսակետը։
«Այսօր ես հանդես եմ գալիս որպես պատգամավոր և չեմ կարող որևէ պաշտոնական տեսակետ ներկայացնել»,- ասաց Աթանեսյանը։
Նրա խոսքերով, այն քաղաքական քննարկումները, որոնք ընթանում են Հայաստանում, կապ չունեն Ղարաբաղում ընթացող քաղաքական քննարկումների հետ։
«Մեզ մոտ ղարաբաղյան հարցի քննարկումները շատ ավելի վաղ են սկսվել, քան Հայաստանում»,- ավելացրեց նա։
Աթանեսյանը հիշեցրեց, որ Ղարաբաղի խորհրդարանում, սկսած 2008 թ.-ի մայիսից, տարածաշրջանում նոր իրավիճակին վերաբերող մի շարք քննարկումներ են անցկացվում։
«Այդ քննարկումների օրակարգում ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարն է, այլ օրակարգ մենք մեր առջև չենք դնում»,- ասաց պատգամավորը։
Ընդ որում նա ավելացրեց, որ այդ քննարկումները դեռ ընթանում են, իսկ Ղարաբաղի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը տվյալ հարցի շուրջ իրենց ամփոփող հայտարարություններով հանդես կգան մինչև տարեվերջ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-