Հայաստանը պետք է վճռականորեն հայտարարի, որ ղարաբաղյան պատերազմն ավարտված է, և Ղարաբաղն իր կազմում է գտնվում

21.11.2008, 16:16
Հայաստանը պետք է վճռականորեն հայտարարի, որ ղարաբաղյան պատերազմն ավարտված է, և Ղարաբաղն իր կազմում է գտնվում

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է վճռականորեն հայտարարի, որ ղարաբաղյան պատերազմն ավարտված է, սահմանները որոշված են, և Լեռնային Ղարաբաղն իր կազմում է գտնվում, կարծում է Աշխարհաքաղաքական խնդիրների ռուսական ակադեմիայի նախագահության անդամ, ակադեմիկոս Արայիկ Սարգսյանը։

«Հայաստանի համար արցախյան խնդիր գոյություն չունի, այն գոյություն ունի Ադրբեջանի և որոշ թուրքական ու արևմտյան ռազմավարական հետազոտական կենտրոնների համար»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սարգսյանը։

Բացի այդ, նրա խոսքերով, Բիշքեկյան համաձայանգիրը դեռևս 1994 թ.-ի մայիսին ամրագրեց ղարաբաղյան պատերազմի արդյունքները։ «Ով կարողացավ պատերազմում ինչ-որ բան շահել, շահեց, իսկ ոմանք էլ ինչ-որ բան կորցրեցին»,- պարզաբանեց Սարգսյանը։

Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, Հայաստանին ոչ ոք չի շտապեցնում ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար, քանի որ ստատուս-քվոն միշտ էլ ձեռնտու է եղել հարավկովկասյան տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող գերտերություններին։

Ինչ վերաբերում է փոխադարձ զիջումներին, ապա, Սարգսյանի կարծիքով, այն նշանակում է, որ հայկական կողմը մի բան զիջում է մեկ այլ բան Ադրբեջանից ստանալու փոխարեն, մասնավորապես, Հայաստանն իր զորքը հանում է ազատագրված տարածքներից, իսկ Ադրբեջանը փոխարենը պարտավոր է ճանաչել Արցախի անկախությունը։ 

«Սակայն Ադրբեջանը երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, և այդ դեպքում նա մեզ զիջելու ոչինչ չունի»,- ասաց Սարգսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

 Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-