ՀՀ նախկին արտգործնախարարը մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը խոսել է մեծ քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին։
«Վարդան Օսկանյանը, որպես անձ, որպես նախկին արտգործնախարար և Հայաստանի քաղաքացի, ցանկանում է լինել քաղաքական դաշտում, ես դրա անհրաժեշտությունն զգում եմ, և երբ գա ճիշտ պահը, ես կմտնեմ քաղաքականություն, իսկ կլինի դա քաղաքական կուսակցության ձևաչափում, թե այլ կերպ՝ ցույց կտա ժամանակը», - ասել է նա նախօրեին՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։
Նա անառողջ է համարել Հայաստանի ներքաղաքական դաշտում գոյություն ունեցող՝ իշխանամետ և ընդդիմադիր ճամբարների միջև տարաձայնությունները։
«Ժողովրդի շրջանում ընդդիմություն հասկացությունը սխալ է ձևավորված, և այս հարցում մենք սխալ ենք թույլ տվել վերջին տարիների ընթացքում։ Ընդդիմությունը պետք է լինի այն ուժը, որը կարողանա նպաստել պետության առջև ծառացած խնդիրների լուծմանը, և իշխանություններն ընդդիմության մեջ չպետք է տեսնեն միայն իշխանության բռնագրավման վտանգ», - կարծում է նա։
Օսկանյանի խոսքերով, արմատական ընդդիմության և իշխանությունների միջև չի հաստատվել երկխոսություն, այսօր հանրապետությունում զգացվում է գաղափարական ընդդիմության պակաս, և անհրաժեշտ է կենտրոնանալ դրա ձևավորման գործում։
«Հանրապետությունում գաղափարական ընդդիմության հասարակական պահանջմունք կա, որն իր գործունեությամբ կկարողանա նպաստել քաղաքական դաշտի առողջացմանը։ Մենք պետք է կարողանանք փոխել ընդդիմության ընկալումը մեր հասարակությունում և առողջ հիմքերի վրա դնենք ընդդիմության և իշխանությունների հարաբերությունները», - ընդգծել է նա։
Օսկանյանը նաև ասել է, որ հետևում է երկրի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը և խորհրդատվություններ է անցկացնում, ընդ որում ոչ միայն քաղաքական գործիչների և քաղաքագետների, այլ նաև հասարակ մարդկանց հետ։
«Ես նոր գաղափարներ եմ ձևավորում։ Երբ ժամանակաը գա, կձևավորենք նաև թիմ, սակայն այսօր անհրաժեշտ է ճիշտ պատրաստվել՝ ժամանակին այդ քայլը անելու համար», - պարզաբանել է նա։
Միաժամանակ նախկին արտգործնախարարն ավելացրել է, որ «քաղաքականությամբ առավել ազատ զբաղվելու» ցանկություն նրա մոտ առաջացել է վերջին տասը տարվա ընթացքում, սակայն նա ճիշտ չէր համարում թողնել աշխատանքը կես ճանապարհին և խորանալ քաղաքական կյանքում։
«Այդ ցանկությունը հատկապես ուժեղ էր դրսևորվում այն պահերին, երբ Հայաստանում տեղի էին ունենում իրադարձություններ, որոնց հետ ես համաձայն չէի», - պարզաբանել է նա։
Օսկանյանը նաև նշել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ «քաղաքական գործունեության գծով» նա որևէ կապ չունի։
«Այն բանից հետո, երբ մենք թողել ենք մեր պաշտոնները, մենք ունեցել ենք հանդիպումներ, վերլուծել ենք իրավիճակը, սակայն Քոչարյանը կապ չունի իմ քաղաքական գործունեության հետ։ Նախագահը դեռ հանգստանում է, դեռևս չի որոշել, թե ինչով է զբաղվելու, իսկ ես արդեն որոշել եմ», - եզրափակել է նա։-0-