Երևանում տեղի ունեցավ «Իմ Կոմիտասը» համերգ-ներկայացման սկավառակի շնորհանդեսը

20.11.2008, 18:06
Երևանում տեղի ունեցավ «Իմ Կոմիտասը» համերգ-ներկայացման սկավառակի շնորհանդեսը

Հինգշաբթի Երևանում տեղի ունեցավ Աննա Մայիլյանի «Իմ Կոմիտասը» համերգ-ներկայացման  DVD-սկավառակի շնորհանդեսը։

«Այս սկավառակը նորովի, նոր ժամանակների ոգով Կոմիտասին ներկայացնելու փորձ է»,- շնորհանդեսին լրագրողներին հայտնեց հայ եկեղեցական շարականների կատարող Աննա Մայիլյանը։

Երգչուհու կարծիքով, հայ երիտասարդությունը հեռացել է ժողովրդական երաժշտությունից, և այսօր շատ կարևոր է ժամանակակից ունկնդրին նորովի, ավելի հասկանալի և մատչելի  ներկայացնել հին ժողովրդական ստեղծագործությունները։

«Մենք պետք է փորձենք մոտեցնել ժամանակակից երիտասարդին դասական երաժշտությանը, որն իրականում իր երաժշտությունն է, բայց նա առայժմ այդ մասին չգիտի»,- նշեց երգչուհին։

Աննա Մայիլյանի «Իմ Կոմիտասը» համերգ-ներկայացումն առաջին անգամ անցկացվեց 2006թ. դեկտեմբերի 6-ին Կամերային երաժշտության տանը։

Այսօր թատերականացված համերգը ձայնագրվել է DVD-սկավառակի վրա և այդ ձևով ամբողջ աշխարհին կներկայացնի հայկական երաժշտությունը և կօգնի այլ երկրների ներկայացուցիչներին ավելի լավ հասկանալ այն։

«Մենք ընտրել ենք հիմնականում Կոմիտասի ավելի ուրախ երգերը՝ ի պատասխան տարածված այն կարծիքին, թե հայկական երաժշտությունը շատ տխուր է։ Համերգում ներկայացվել են,  իհարկե,  նաև լիրիկական երգեր, բայց դրանցում էլ է զգացվում ապրելու կամքը։ Կոմիտասն իր ստեղծագործություններով ասում է, որ նույնիսկ ամենատխուր երգում էլ կա կյանքի կոչող զգացում»,- ասաց Մայիլյանը։

Սկավառակը ստեղծվել է «Շարմ» պրոդյուսերական կենտրոնի, Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու թատրոնի» համույթի, «Միմ Ստուդիո» թատերախմբի դերասանների, ժողովրդական գործիքների համույթի, դիրիժոր Կարեն Դուրգարյանի գլխավորած Կամերային նվագախմբի մասնակցությամբ։ Գործիքավորումն իրականացրել է Հայաստանի վաստակավոր արտիստ Ռուբեն Ալթունյանը, ռեժիսոր-բեմադրիչը Դավիթ Բաբայանն է։

Ստեղծագործական խումբը հավաստիացրեց, որ Կոմիտասի ստեղծագործությունների մշակումը չի ավարտվի այս սկավառակի թողարկումով, և այժմ խումբն աշխատում է սկավառակի աուդիո-տարբերակի ուղղությամբ։

«Կոմիտասի երաժշտությունն անսպառ է, և կան այնքան երգեր, որոնք դեռևս երգված չեն»,- ասաց երգչուհին և հավելեց, որ շարունակում է աշխատել Կոմիտասի այն երգերի վրա, որոնք չեն ընդգրկվել սկավառակում։ -0-