50 քաղաքական կուսակցությունների ղեկավարներ մասնակցում են ՀՀ նախագահի հետ խորհրդակցությանը

20.11.2008, 17:46
50 քաղաքական կուսակցությունների ղեկավարներ մասնակցում են ՀՀ նախագահի հետ խորհրդակցությանը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 50 քաղաքական կուսակցությունների ղեկավարներ մասնակցում են ՀՀ նախագահի հետ խորհրդակցությանը, լրագրողներին հայտնեց նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը ՀՀ քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ առավոտվանից անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում։ Հանդիպման թեման Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլն է։

«Արդարադատության նախարարության տվյալներով, Հայաստանում այսօրվա դրությամբ գրանցված է 74 քաղաքական կուսակցություն։ Հանդիպմանը հրավիրվել են բացառապես կուսակցությունների ղեկավարները, հրավեր ուղարկվել է 65 կուսակցության առաջնորդի»,- ասաց նա։

Ֆարմանյանը որոշ կուսակցությունների ղեկավարների բացակայությունը բացատրեց այն բանով, որ ոմանք գտնվում են կազմալուծման փուլում, փաստացիորեն չեն գործում, մյուսները նախագահ չունեն կամ նրանց առաջնորդները գտնվում են հանրապետության սահմաններից դուրս։ 

Խորհրդակցությանը չեն մասնակցում արմատական ընդդիմության ներկայացուցիչները։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-