Թուրքիան պետք է ընդօրինակի Գերմանիայի՝ սխալներն ընդունելու փորձը. հայ պատգամավոր

20.11.2008, 16:31
Թուրքիան պետք է ընդօրինակի Գերմանիայի՝ սխալներն ընդունելու փորձը. հայ պատգամավոր
Թուրքիան պետք է ընդօրինակի Գերմանիայի՝ սխալներն ընդունելու փորձը. հայ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան պետք է ընդօրինակի գերմանացի ժողովրդի փորձը՝ ճանաչելով պատմական ճշմարտությունը և անցյալի սխալները, գտնում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։

«Թուրքիան պետք է ավելի բաց և հասկանալի լեզվով խոսի իր անցյալի մասին, ընդունի Գերմանիայի փորձը, որը ճանաչեց հրեաների Հոլոքոստը»,- ասաց Մինասյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Թուրքիան ավանդաբար հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայեր բնաջնջելու մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում Արևմուտքի քննադատությանը Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ։ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։

Մինասյանի խոսքերով, Հայաստանը չի կարող դիտարկել Թուրքիային որպես չեզոք երկիր, որը փորձում է երկարատև կայունություն հաստատել տարածաշրջանում։ Ինչպես գտնում է խորհրդարանականը, թեև Թուրքիայի՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությունը դրական է, սակայն բացասական գործոն է հարևան Իրանի և տարածաշրջանում էական դեր խաղացող երկրների բացակայությունը այդ նախաձեռնությունում։

Պատգամավորը նշեց, որ, քանի դեռ գոյություն ունեն նման չլուծված հարցեր, տվյալ նախաձեռնությունը չի կարող դիտարկվել որպես տարածաշրջանի կայունության և անվտանգության երաշխիք։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է տարածաշրջանում աշխարհագրական սկզբունքով ստեղծել կայունության և անվտանգության պլատֆորմ, որը պետք է հենվի ԵԱՀԿ սկզբունքների վրա և նախատեսի ինչպես Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի մասնակցությունը։ --0-