Բուենոս Այրեսում շրջանառության մեջ են դրվել հայ-արգենտինական համատեղ նամականիշներ
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բուենոս Այրեսում նախօրեին պաշտոնական շրջանառության մեջ են դրվել Արգենտինայի ազգային փոստի և Հայփոստի կողմից առաջին անգամ համատեղ թողարկված երկու նամականիշները:
Արգենտինյան Հանրապետության Ազգային փոստի և Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա են եղել շուրջ 500 հանդիսականներ, այդ թվում` Բուենոս Այրես քաղաքի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Արգենտինայի Ազգային փոստի ներկայացուցիչներ, ֆիլատելիստներ, արգենտինացի դիվանագետներ և Բուենոս Այրեսում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, լրագրողներ, հոգևորականներ, բազմաթիվ արգենտինահայեր:
Շնորհավորական խոսք են ասել Արգենտինյան Հանրապետության Ազգային փոստի նախագահ Էդուարդո Դի Կոլան և Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ողքեր և մարեցին նամականիշները։
Նամականիշերի վրա պատկերված են արգենտինյան «Մալամբո» և հայկական «Հոյ Նազան» պարերը։
Հանդիսության պաշտոնական մասից հետո տեղի է ունեցել հայ և արգենտինացի արվեստի գործիչների մասնակցությամբ տոնական համերգ, որի ընթացքում ներկայացվել են երկու բարեկամ ժողովուրդների ավանդական երգերն ու պարերը: -0-