Հայաստանի նախագահն առաջին անգամ հանդիպում ունեցավ երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ

Երևանում ընթանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը Հայաստանի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ։
«Խորհրդարանին և ժողովրդին ուղղված իմ ուղերձում ես խոստացա, որ կլինեմ նախաձեռնող հանդիպումների, որոնց ժամանակ կքննարկվեն մեր ժողովրդի համար կենսական հարցեր և այդ հանդիպումներին կհրավիրեմ բոլոր քաղաքական կուսակցությունների առաջնորդներին», - հինգշաբթի ասաց նախագահը։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, բացելով առաջին նման հանդիպումը՝ նախագահն ասաց, որ նման մեխանիզմը ոչ միայն կնպաստի որոշումների ընդունման գործում կուսակցությունների դերի բարձրացմանը, այլև խթան կդառնա քաղաքական դաշտի հետագա զարգացման համար։
«Մեր հանդիպումները նման ձևաչափում նվիրված կլինեն կոնկրետ թեմայի, և ես չեմ բացառում, որ հետագայում մենք կանցկացնենք արտագնա խորհրդակցություններ, որոնք կկազմակերպվեն այն վայրում, որն անմիջական կապ կունենա քննարկվող հարցի հետ», - ասաց ՀՀ նախագահը։
Սարգսյանն ասաց, որ այս հանդիպումների կարևորությունը պայմանավորված է երկրի համար կենսական հարցերի շուրջ միմյանց կարծիքը լսելու և հարցերի բազմազանության մեջ կողմնորոշվելու, ինչպես նաև հնարավորինս միասնական դիրքորոշում ձևավորելու հնարավորությամբ։
«Հանդիպումները կանցկացվեն փակ ձևաչափով «առանց հղումների»։ Այս ձևաչաձը բոլոր մասնակիցներին հնարավորություն կընձեռի ազատ մասնակցել քննարկումներին և ազատ արտահայտել իրենց դիրքորոշումը, իսկ «առանց հղումների» նշանակում է, որ այս հանդիպումներից հետո մեր հասարակական գործունեության ժամանակ մենք կկարողանանք հիմնվել այստեղ բարձրաձայնած մտքերի վրա, սակայն միաժամանակ կպայմանավորվենք, որ չենք անի ուղղակի հղումներ, թե կոնկրետ ով է բարձրաձայնել այս կամ այն միտքը», - ասաց նա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-