Հասարակական կազմակերպությունները դատապարտել են Հայաստանի հետաքննող լրագրողների ասոցիացիայի նախագահի նկատմամբ բռնարարքը
Հայաստանի հասարակական կազմակերպությունները նախօրեին հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել են Հայաստանի հետաքննող լրագրողների ասոցիացիայի նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կիրառված բռնարարքը։
«Մենք դատապարտում ենք Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կիրառված բռնարարքը և կոչ ենք անում իշխանություններին` հերթական անգամ սին խոստումներ տալու փոխարեն բացահայտել հանցագործությունն ու պատժել մեղավորներին», - ասվում է 11 հասարակական կազմակերպությունների կողմից ստորագրված հայտարարության մեջ։
2008 թ.-ի նոյեմբերի 17-ի երեկոյան Երևանում հարձակման և ծեծի է ենթարկվել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ և «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Լրագրողը ստացել է ուղեղի ցնցում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նրա գլխին մի քանի կար են դրել։
ՀԿ-ների հայտարարության համաձայն, Էդիկ Բաղդասարյանին նախկինում էլ սպառնացել են, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այս հարձակումն անմիջական կապ ունի նրա մասնագիտական գործունեության հետ:
«Արդեն որերորդ դեպքն է, որ լրագրողները ենթարկվում են ստոր հաշվեհարդարի։ Իշխանությունները հավաստիացնում են, թե ամեն ինչ անելու են չարագործներին հայտնաբերելու համար, սակայն հանցագործությունները մնում են չբացահայտված, կատարողներն ու կազմակերպիչները` անպատիժ: Եվ այդ անպատժելիությունը արձակում է նրանց ձեռքերը, ովքեր կցանկանային լռեցնել ազատ խոսքը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ հանրապետության Քրեական օրենսգրքի 113 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից առողջությանը միտումնավոր կերպով միջին ծանրության վնաս հասցնելը)։ --0--