Հայաստանը կմասնակցի Ալբանիայում դեկտեմբերին անցկացվող երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված սեմինարին

20.11.2008, 10:34
Հայաստանը կմասնակցի Ալբանիայում դեկտեմբերին անցկացվող երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված սեմինարին
Հայաստանը կմասնակցի Ալբանիայում դեկտեմբերին անցկացվող երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված սեմինարին

ՀՀ ԱԺ ներկայացուցիչները կմասնակցեն Միջխորհրդարանական միության շրջանակներում կազմակերպվող երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված սեմինարին, որը կանցկացվի 2008 թ.-ի դեկտեմբերին Ալբանիայի մայրաքաղաքում, ասել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNIСEF) ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի Ջիլանիի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսնակը շնորհավորել է Ջիլանիին` հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ նշանակվելու կապակցությամբ, ինչպես նաև կարևորել է խորհրդարանի հետ սերտ աշխատանքի արդյունավետությունը։

Աբրահամյանը նաև նշել է, որ երեխաների իրավունքների ու առողջության պաշտպանության հարցերը գերակա նշանակություն ունեն։ Նրա խոսքերով, Հայաստանի խորհրդարանը և կառավարությունը մեծ ուշադրություն են դարձնում այդ խնդիրներին:

Մոշիրի-Ջիլանին իր հերթին ՀՀ խորհրդարանի խոսնակին է ներկայացրել հիմնադրամի գործունեության հիմնական ոլորտները։

Նա կարևորել է օրենսդրության կատարելագործումը երեխաների իրավունքների և առողջության պաշտպանության հարցերում։ Մոշիրի-Ջիլանիի գնահատմամբ, օրենսդրական լուծումների կարիք կա նաև նորածին երեխաների համար արհեստական կերերի արգելման հարցում, որովհետև դրանք անցանկալի հետևանքներ են ունենում նրանց առողջության վրա:  

Մոշիրի-Ջիլանին Աժ նախագահին նաև իրազեկել է, որ նոյեմբերի 28-ին հիմնադրամը կազմակերպում է տարվա ընթացքում իրականացված ծրագրերի քննարկում, ինչպես նաև 2010-2014 թթ. ծրագրերի գերակայությունների որոշարկում։-0-