Հայ ուսանողները 2009 թ.-ին ուսումնական դասընթացներ կանցնեն Գերմանիայի խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հինգ հայ ուսանողներ 2009 թ.-ին 15-շաբաթյա ուսումնական դասընթացներ կանցնեն Գերմանիայի խորհրդարանում «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի շրջանակներում, հայտնեց Բունդեսթագի պատգամավոր Լիդիա Վեստրիխը։
«Ծրագրի շրջանակներում ուսանողներին հնարավորություն է տրվում ծանոթանալ ժողովրդավարական գործընթացների, օրենքների ընդունման և ընդհանրապես խորհրդարանական գործունեության հետ»,- չորեքշաբթի Վեստրիխն ասաց լրագրողներին։
Նրա խոսքերով, կրթաթոշակ ստացողները կարող են աշխատել պատգամավորների մոտ և միաժամանակ սովորել Բեռլինի որևէ համալսարանում։
Վեստրիխն ավելացրեց, որ ծրագրին մասնակցելու համար Հայաստանում Գերմանիայի դեսպանատունն արդեն ընտրել է լավագույն հավակնորդներին, որոնց հետ լրացուցիչ խորհրդատվություններ կանցկացվեն։
«Ծրագրի մասնակիցներին ընտրելու չափանիշների թվում հարկ է նշել գերմաներեն լեզվի լավ իմացությունը, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպություններում ունեցած հետաքրքրությունն ու մասնակցությունը»,- ավելացրեց նա։
Պատգամավորի խոսքերով, դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները կօգնեն մասնակիցներին մասնագիտական աստիճանավանդակով իրենց հետագա առաջընթացում։
Ընդ որում Վեստրիխը նշեց, որ Հայաստանն արդեն երկրորդ անգամ է մասնակցում կրթական ծրագրին (առաջին անգամ հայ ուսանողները ուսումնական դասընթացներ են անցել 2008 թ.-ին)։
«Ծրագրի այս տարվա մասնակիցները արդեն աշխատանքի են անցել Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը, ինչպես նաև մի շարք պետական կառույցներում»,- հավելեց նա։
Պատգամավորը հայտնեց նաև, որ ֆինանսական ծախսերը՝ ճանապարհածախսը, ապրուստի գումարը, վարչական ծախսերը, ինչպես նաև բժշկական ապահովագրությունը, իր վրա է վերցնում գերմանական կողմը:
«Պարապմունքները կսկվեն տարվա ամենալավ շրջանում՝ մարտին, երբ Բեռլինը պարզապես ծաղկում է բնակիչների աչքի առաջ: Քաղաքի գեղեցկությունը կարող է նաև խթան հանդիսանալ ուսանողների համար, որպեսզի մասնակցեն ծրագրին»,- ավելացրեց նա:
Վեստրիխն ավելացրեց նաև, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպման ժամանակ Հայաստանում ծրագրի իրականացմանը աջակցելու պատրաստակամություն է հայտնել:
«Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը ստեղծվել է 20 տարի առաջ, ամեն տարի ծրագրին մասնակցում է 25 երկրի շուրջ 120 ուսանող:-0-