«Ժառանգություն» խմբակցությունն առաջարկում է Արցախյան հիմնախնդրի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպել
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է ԱԺ առաջիկա նիստի ընթացքում Արցախյան հիմնախնդրի շուրջ խորհրդարանական լսումներ անցկացնել, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
«Երեքշաբթի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար և Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ստեփան Սաֆարյանը խմբակցության անունից պաշտոնապես դիմել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին` Արցախյան հիմնախնդրի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ:
Ռուստամյանին գրված նամակում ասվում է, որ Ղարաբաղյան խնդրի շուրջ և տարածաշրջանային ներկայիս զարգացումները վերստին վկայում են, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների համար այսօր էլ կարևոր նշանակություն ունի այդ խնդրով լսումներ կազմակերպելը:
«Խորհրդարանական լսումները կարող են յուրատեսակ խթան հանդիսանալ տարածաշրջանային ահագնացող մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու խնդրում»,- ասվում է նամակում։
«Ժառանգությունը» հույս է հայտնել, որ ԱԺ հանձնաժողովը նույնպես ընդունում է խորհրդարանական լսումների արդիական ու անհրաժեշտ լինելու հանգամանքը, և որ աշնանային նստաշրջանի ընթացքում կկազմակերպվեն խմբակցության առաջարկած լսումները: -0-