Ազգային ժողովի նախագահը ընդունեց Գերմանիայից ժամանած պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.նոյեմբերի 19-ին ընդունեց Գերմանիայից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում է Բունդեսթագի պատգամավոր տիկին Լիդիա Վեստրիխը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Գերմանիայի դեսպանատնից:
Պատվիրակությունը Երևանում է գտնվում Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» (ՄԽԿ) ծրագրին Հայաստանից հայտ ներկայացրած թեկնածուների ընտրափուլի շրջանակում:
28 երկրների ընդհանուր թվով 120 կրթաթոշակակիրներ 2009թ. մարտի 1-ից մինչև 2009թ. հուլիսի 31-ը Գերմանիայի Բունդեսթագի կողմից լիովին ֆինանսավորվող ՄԽԿ-ի շրջանակում հնարավորություն են ստանում ծանոթանալ Գերմանիայի խորհրդարանական համակարգին։
Ծրագրի նպատակը սերտ շփումն է քաղաքական գործընթացներին և որոշումներ կայացնելու ժողովրդավարական գործընթացներին։ Կրթաթոշակակիրներն աշխատում են պատգամավորների գրասենյակներում՝ միաժամանակ որպես ուսանող գրանցված լինելով Բեռլինի որևէ համալսարանում՝ այսպիսով հնարավորություն ունենալով նաև մասնակցելու դասախոսությունների և ուսումնական այլ դասընթացների։
Ծրագիրը գործում է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի բարձր հովանու ներքո՝ Բեռլինի երեք համալսարանների հետ համագործակցությամբ։ Գերմանիայի Բունդեսթագը ստանձնում է ճանապարհի, կացարանի և ապահովագրության ծախսերը, ներառյալ՝ ամսական կրթաթոշակը։
Ամեն տարի դեկտեմբերից Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը հրապարակում է ՄԽԿ-ին հայտ ներկայացնելու պայմանները։ Ծրագրի վերաբերյալ մանրամասներ կարելի է գտնել http://www.bundestag.de/ips կայք-էջում։
Հայաստան այցելության շրջանակում գերմանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա քաղաքական, գիտական և կրթական ոլորտները ներկայացնող անձանց հետ։
Նախատեսված է նաև հանդիպում նախկին կրթաթոշակակիրների հետ՝ արդեն իսկ հաստատված կապերն ամրապնդելու նպատակով։ Շատ պետություններում նախկին կրթաթոշակակիրները ստեղծել են միություններ՝ հաստատված միջմշակութային երկխոսությունը շարունակելու և ցանց հիմնելու նպատակով։--0-