Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը նոյեմբերի 20-22-ին կայցելի Հայաստան

19.11.2008, 17:11
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը նոյեմբերի 20-22-ին կայցելի Հայաստան

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը մարտի 1-2-ի դեպքերի արդյունքում ձերբակալության մեջ գտնվող անձանց և այդ առնչությամբ տարվող հետաքննության հետ կապված իրավիճակը գնահատելու նպատակով նոյեմբերի 20-22-ին Հայաստան կայցելի, «Նովոստի-Արմենիա» գործակալության հայտնեցին Հանձնակատարի գրասենյակից։

«Իմ նպատակը կալանքի տակ գտնվող անձանց վիճակն ու մարտյան դեպքերի համար պատասխանատուների բացահայտման հարցում գրանցված առաջընթացը գնահատելն է։ Կարևոր է, որ ճշմարիտ ու փաստացի բացատրություն տրվի այն բանին, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Եթե դա հաջողվի անել, ապա դա կնպաստի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարվող հետագա աշխատանքներին»,- ասաց Համերբերգը։  

Այցի ընթացքում Համմերբերգը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ։

Բացի այդ Համմերբերգը կհանդիպի նաև մարտյան դեպքերի հետաքննությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ղեկավարի, նորաստեղծ փաստահավաք խմբի անդամների, Մարդու իրավունքների պաշտպանի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության հետ։  

Մարդու իրավունքների հանձնակատարը կլինի նաև ազատազրկման վայրերում։ Սեպտեմբերին Հանձնակատարը հրապարակեց իր հետազոտությունների արդյունքները՝ նշելով ազատազրկված անձանց նկատմամբ բավարար որոշումներ գտնելու և մարտյան դեպքերի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։--0--