Հայաստանի ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում հետաքննող լրագրողի վրա հարձակումը շուտափույթ բացահայտելու ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Հետաքննող լրագրողների ասոցիացիայի ղեկավար Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակումը շուտափույթ բացահայտելու ուղղությամբ, հայտնեց Երևանի ոստիկանության օպերատիվ գծով վարչության պետի տեղակալ Աշոտ Միրիջանյանը։
«Ոստիկանությունում ձևավորվել է փորձառու աշխատակիցներից բաղկացած օպերատիվ խումբ, որn անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,- ասաց Միրիջանյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսին։
Ըստ նրա, Բաղդասարյանի վրա հարձակման ականատես է Ոստիկանության երիտասարդ աշխատակիցը, ով պատահաբար հայտնվել է հանցագործության վայրում։ «Տեսնելով հարձակումը՝ նա կրակել է իր ծառայողական գազային ատրճանակից դեպքերի զարգացումը կանխելու համար»,- ասաց նա։
Միրիջանյանը հույս հայտնեց, որ հանցագործությունը կբացահայտվի առաջիկայում։
Հետաքննող լրագրողների ասոցիացիայի ղեկավար Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակման փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 113 հ. 2-րդ մասի 3-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):
Նոյեմբերի 17-ի երեկոյան լրագրողը գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: -0-