Երևանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Հայփոստի» գլխավոր տնօրենին ծեծի ենթարկելու փաստի առթիվ

19.11.2008, 15:48
Երևանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Հայփոստի» գլխավոր տնօրենին ծեծի ենթարկելու փաստի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հանս Բոոնին ծեծի ենթարկելու փաստի առթիվ, հայտնեց Երևանի ոստիկանության օպերատիվ գծով վարչության պետի տեղակալ, գնդապետ Աշոտ Միրիջանյանը։

«Քրեական գործը հարուցվել է քր. օր. 112 հոդվածով (առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելը)»,- չորեքշաբթի հայտնեց նա մամուլի ասուլիսին։

Ըստ նրա, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հոկտեմբերի 10-ին ահազանգ է ստացվել, որ Հանս Բոոնը ուղեղի ցնցումով գտնվում է հիվանդանոցում։

 

«Հիվանդանոց է մեկնել Ոստիկանության օպերատիվ խումբը, սակայն Բոոնը հրաժարվել է գրավոր բացատրություններ տալ՝ պատճառաբանելով, որ ոչինչ չի հիշում»,- նշեց Միրիջանյանը, հավելելով, որ Բոոնը բանավոր հայտնել է Ոստիկանության աշխատակիցներին, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։ Միրիջանյանը նշեց, որ այդ պահին Բոոնը ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

 

«Տվյալ փաստի առնչությամբ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն, վնասվածքները չէին կարող առաջանալ ընկնելու հետևանքով»,- նշեց նա։

 

Միրիջանյանը տեղեկացրեց, որ Ոստիկանությունը մինչ օրս չի կարողանում բացատրություններ և ցուցմունքներ ստանալ Բոոնից, քանի որ նա գտնվում է Հոլանդիայում։

Միրիջանյանը հայտնեց նաև, որ Բոոնին առաջին անգամ ծեծի ենթարկելու համար դատապարտվել են երկու քաղաքացի՝ Յուրի Օհանյանը և Էդվարդ Հովհաննիսյանը։

 

«Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր. 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն), և նրանք համապատասխանաբար դատապարտվել են ինը և վեց ամիս ազատազրկման»,- ասաց նա։

ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանի կարգադրությամբ հանրապետությունում ծառայողական քննություն է սկսվել` «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հանս Բոոնի կողմից կառավարության ղեկավարին ուղղված նամակի հետքերով։ Բոոնը գտնվում է իր հայրենիքում՝ Հոլանդիայում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Դավիթ Համբարյանը, Բոոնը երկու անգամ ծեծի է ենթարկվել Երևանի կենտրոնում։ Ընդ որում երկրորդ, բավականին դաժան ծեծից հետո հոկտեմբեր ամսին նա ստիպված էր հիվանդանոց պառկել։ Համբարյանը տեղեկացրել էր, որ Բոոնը մեկնել է Հոլանդիա հոկտեմբերի երկրորդ կեսին՝ լրացուցիչ բուժում ստանալու համար։

2006 թ.-ի նոյեմբերի 30-ին Երևանում պայմանագիր է կնքվել՝ հայկական «Հայփոստ» ընկերությունը 5 տարի ժամկետով և միևնույն ժամկետով պայմանագիրը երկարաձգելու իրավունքով «Haypost Trust Management» հոլանդական ընկերությանը վստահված կառավարման հանձնելու մասին։ --0—