ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում առաջին անգամ ներկայացվել է օրիգամիի բացառիկ հավաքածու

19.11.2008, 15:07
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում առաջին անգամ ներկայացվել է օրիգամիի բացառիկ հավաքածու
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում առաջին անգամ ներկայացվել է օրիգամիի բացառիկ հավաքածու

Չորեքշաբթի ՄԱԿ-ի հայաստանյան  գրասենյակում տեղի է ունեցել օրիգամիի բացառիկ հավաքածուի առաջին ցուցահանդեսի բացումը՝ հայ-ճապոնական «Խաղաղության լապտերներ» ծրագրի շրջանակներում։

Միջոցառումը վերածվել էր 1945թ.-ին ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված թատերականացված ներկայացման։

«Ցուցահանդեսները լավ միջոց են խաղաղության մասին հասարակական իրազեկության և ժողովուրդների միջև կապեր հաստատելու համար։ Հայ երեխաներն օրիգամիի միջոցով փոխանցեցին իրենց մտքերը ճապոնացի ընկերներին՝ 1945թ. ատոմային ագրեսիայի հետևանքների վերաբերյալ»,- հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ, ՄԱԶԾ համակարգող Կոնսուելո Վիդալը բացման ժամանակ։

Ճապոնական ավանդական և գեղեցիկ արվեստի նմուշները ստեղծվել են Գեղագիտության ազգային կենտրոնի սաների ձեռքերով։ Ցուցահանդեսի անցկացման նախաձեռնողները նաև ՄԱԿ-ի գրասենյակը, Հայ-ճապոնական միջմշակութային հասարակական կազմակերպությունը և «Հայ երիտասարդ էրուդիտներ» հասարակական կազմակերպությունն է։

Ըստ նրա, «այլ մշակույթների և ապրելակերպի մասին տեղեկացվածությունը հրաշալի միջոց է համընդհանուր խաղաղության և համագործակցության զարգացման համար»։

Վիդալն ընդգծեց, որ նման մոտեցումը ՄԱԿ-ի հիմնարար արժեքներից է։

Իր հերթին հայ-ճապոնական միջմշակութային հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Հարությունյանն ասաց, որ «Խաղաղության լապտերներ» ծրագրի իրականացումը կշարունակվի 2009թ.-ի օգոստոսի 6-ին Հիրոսիմայում՝ «Հիշողություն խաղաղության մասին» հիմնադրամի կազմակերպած «Խաղաղության թիթեռներ» խորագրով միջոցառման ընթացքում։

Նրա խոսքերով, հայ երեխաները կոչ կուղղեն բոլոր երկրների նախագահներին։

Ցուցահանդեսը Երևանում կգործի մինչև նոյեմբերի 29-ը և ուղղված է հայ-ճապոնական հարաբերությունների խթանմանը, ինչպես նաև խաղաղության մասին հասարակական տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։ Հայ երեխաների  պատրաստած օրիգամիի նմուշները կհանվեն վաճառքի, որոնցից առաջացած եկամուտը կտարմադրվի ատոմային ռմբակոծությունը վերապրածներին։

Գեղագիտության ազգային կենտրոնի սաների մտահղացումը ծնվեց 2005թ.-ին, երբ ամբողջ աշխարհով տարածվեց տեղեկատվություն ճապոնացի Սադակո Սասակի անունով աղջնակի ողբերգական ճակատագրի մասին։ Նա վեց տարեկան էր, երբ ռմբակոծվեցին ճապոնական քաղաքները, ինչի հետևանքով աղջիկը հիվանդացավ լեյկեմիայով։ Նա հավատում էր, որ կկարողանա բուժվել, եթե թղթե հազար կռունկ պատրաստի։ Նրա երազանքն անկատար մնաց. 12 տարեկան հասակում աղջիկը մահացավ՝ պատրաստելով իր 600-րդ կռունկը։ Հայ երեխաներն իրականացրեցին Սասակիի երազանքը՝ պատրաստելով հազար կռունկ և նույնքան էլ գունազարդ  լապտեր և ուղարկեցին «Հիշողություն խաղաղության մասին» ճապոնական հիմնադրամ։ -0-