Հայաստանի տնտեսությանն անհրաժեշտ է որակյալ ենթակառուցվածք. Ասիական զարգացման բանկի նախագահ

Հայաստանի տնտեսությանն անհրաժեշտ է որակյալ ենթակառուցվածք, և այս ուղղությամբ արդեն ԱԶԲ-ն ու ՀՀ կառավարությունը համագործակցում են, ասել է Ասիական զարգացման բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդան (Haruhiko Kuroda) ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես ասվում է ՀՀ կառավարության կայքում տեղադրված տեղեկատվութան մեջ, Ասիական զարգացման բանկի նախագահը նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան, որն ունի երկու հիմնական նպատակ` քննարկել հետագա համագործակցության ուղղությունները։
Կուրոդան դրվատանքով է խոսել Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակի մասին` նկատի առնելով բարձր տնտեսական աճը, չափավոր գնաճը, իրականացվող շրջահայաց մակրոտնտեսական քաղաքականությունը:
Վարչապետն այդ կապակցությամբ շնորհակալություն է հայտնել բանկի կողմից Հայաստանում գյուղական ճանապարհների վերականգնման, ջրամատակարարման և ջրահեռացման հատվածի ծրագրերի ու տրանսպորտի ոլորտի զարգացման ռազմավարության մշակմանը ցուցաբերվող աջակցության համար։
Վարչապետի խոսքերով, այս երեք ծրագրերը չափազանց կարևոր են՝ ՀՀ տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից։
Տիգրան Սարգսյանը հյուրին ներկայացրել է հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները և առկա ներուժը: Նա, մասնավորապես, ընդգծել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը տեխնիկական և ֆինանսական աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունը, գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքների մեղմմանն ուղղված աջակցությունը, հատկապես, ենթակառուցվածքների զարգացման համար, ինչպես նաև ԱԶԲ-ի հարուստ փորձի կիրառմամբ` ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման ներդրմանն օժանդակությունը, ՓՄՁ ոլորտի վարկավորումը` ՀՀ բանկերին վարկային ռեսուրսների տրամադրման միջոցով։
Վարչապետն ակնկալում է նաև ԱԶԲ-ի մասնակցությունը Հայաստանում տեխնոպարկերի և ազատ տնտեսական գոտիների ձևավորման, տարանցիկ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներում:
Սարգսյանը Կուրոդայից խնդրել է նաև ԱԶԲ-ի խորհրդում ՀՀ շահերը ներկայացնելու նպատակով աջակցել խորհրդում Հայաստանի ներկայացվածությանը:
Կուրոդան կարևոր է համարել ՀՀ վարչապետի բոլոր առաջարկները՝ նշելով, որ մի շարք ոլորտներում բանկն ունի մեծ փորձ և պատրաստակամ է աջակցել Հայաստանին: Կուրոդան խոստացել է առաջիկա շաբաթվա ընթացքում ներկայացված առաջարկությունները հանգամանորեն քննարկել և արձագանքել։-0-