Հայաստանի օմբուդսմենը դատապարտում է հետաքննող լրագրողների ընկերակցության ղեկավարի վրա կատարված հարձակումը

18.11.2008, 20:00
Հայաստանի օմբուդսմենը դատապարտում է հետաքննող լրագրողների ընկերակցության ղեկավարի վրա կատարված հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է հետաքննող լրագրողների ընկերակցության ղեկավար Էդիկ Բաղդասարյանի վրա կատարված հարձակումը։

«Տարիներ շարունակ ականատես ենք լինում  լրագրողների նկատմամբ բռնությունների, ինչի կապակցությամբ բազմիցս կոչ եմ արել իրավապահ մարմիններին՝ առավել հետևողական լինել մեղավորներին բացահայտելու գործում, սակայն դրանք մինչ օրս չեն բացահայտվել»,- ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հայտարարության մեջ:

Օմբուդսմենը կարծում է, որ այս երևույթներն իրենց մեջ պա­րու­նակում են ծայրահեղ վտան­գավոր միտում և լուրջ սպառնալիք են երկրում խոսքի ազա­տու­թյան կայացման համար:

«Եվս մեկ անգամ կոչ եմ անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- նշել է Հարությունյանը։  

Նրա խոսքերով, հակառակ դեպքում ճիշտ կլինի, որպեսզի ոստիկանության վերադասության կողմից քննարկվի օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնող մարմիններում զբաղեցրած պաշտոնյաների կոմպետենտության հարցը:

Լրագրողի վրա հարձակումը դատապարտել է նաև «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցությունը։ «Կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում և դատապարտում «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կիրառված բռնությունը և կոչ անում իրավապահ մարմիններին՝ հետևողական լինել այսօրինակ դեպքերի արագ արձագանքմանն ու բացահայտմանը»։

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան: Բաղդասարյանի վրա են հարձակվել երեք անհայտ անձինք: Լրագրողը գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:

Հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ հանրապետության Քրեական օրենսգրքի 113 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից առողջությանը միտումնավոր կերպով միջին ծանրության վնաս հասցնելը)։ --0--