Ռուսաստանի գործողությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դուրս չեն գալիս ԵԱՀԿ ՄԽ գործունեության շրջանակներից

18.11.2008, 18:30
Ռուսաստանի գործողությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դուրս չեն գալիս ԵԱՀԿ ՄԽ գործունեության շրջանակներից
Ռուսաստանի գործողությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դուրս չեն գալիս ԵԱՀԿ ՄԽ գործունեության շրջանակներից

Ռուսաստանի գործողությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դուրս չեն գալիս ԵԱՀԿ ՄԽ գործունեության շրջանակներից, կարծում է ՀՀ ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Ռուսաստանը երեք միջնորդ կողմերից մեկն է, և նա անում է այն, ինչ պետք է անի»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Շարմազանովը՝ խոսելով նոյեմբերի 2-ին Մոսկվայի նախաձեռնած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների Մայնդորֆում կայացած հանդիպման մասին, որի արդյունքում հռչակագիր է կնքվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին։   

Շարմազանովի խոսքերով, ռուսական կողմի միջնորդությունը ղարաբաղյան հակամարտությունում իր մեջ ոչ մի անսպասելի բան չի պարունակում, բացի այդ մյուս երկու համանախագահները (ԱՄՆ-ն և Ֆրանսիան) դրական են վերաբերվել Մայնդորֆյան հռչակագրի ստորագրմանը։  

Խորհրդարանականը նշել է, որ հարյուրամյակների ընթացքում Ռուսական կայսրությունը, հետո՝ Խորհրդային Միությունը, հետո՝ Ռուսաստանի Դաշնությունը հստակ աշխարհաքաղաքական շահեր է ունեցել հարավկովկասյան տարածաշրջանում։ «Տվյալ դեպքում Ռուսաստանը պետք է իր ազգային պետական շահերից բխող սեփական քաղաքականությունն իրականացնի»,- ասաց նա։

Շարմազանովը կարծում է, որ թեև մայնդորֆյան հռչակագիրը հակամարտող կողմերի վրա իրավական պարտավորություններ դնող պայմանագիր չէ, այնուամենայնիվ, կարևոր փաստաթուղթ է, քանի որ հռչակում է այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է ընթանա բանակցային գործընթացը։  

Շարմազանովի կարծիքով, հռչակագրում ամենակարևորը հակամարտության քաղաքական կարգավորմանը կարևորություն տալն է՝ որպես հակակշիռ մինչ դրա կնքումը Ադրբեջանի կողմից հնչեցրած ռազմատենչ հայտարարությունների:

Մյուս կողմից նա կարևորեց այն, որ նախագահ Ալիևն իր ստորագրությունն է դրել հռչակագրի տակ։

Տվյալ համատեքստում Շարմազանովն ընդգծեց, որ ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը և պետության ներսում, և դրա սահմաններից դուրս միասնական դիրքորոշում ունի։ «Լեռնային Ղարաբաղը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում, Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղը պետք է ընդհանուր ցամաքային սահման ունենա և միջազգային ուժերի միջնորդությամբ պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը հնարավոր ռազմական գործողություններից»,- ասաց Շարմազանովը՝ հղում անելով ՀՀ նախագահի խոսքերին։   

Նրա խոսքերով, մեկ այլ կարևոր պահ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում որպես միջնորդ հանդես եկող ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի պահպանումը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-