ՄԱԶԾ-ն և ՀՀ կրթության նախարարությունը հանրակրթության ոլորտում հանդուրժողականության ուսուցման և խթանման մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում երեքշաբթի ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Կոսուելո Վիդալի և ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանի կողմից ստորագրվեց հանրակրթության ոլորտում հանդուրժողականության ուսուցման և խթանման մասին փոխըմբռնման եռակողմ հուշագիր։
«Հանդուրժողականությունը հայ ժողովրդի մշակույթի անբաժան մասն է։ Ստորագրելով այս փաստաթուղթը՝ մենք աջակցում ենք հանրապետության կրթական համակարգում նորարարություններին, քանի որ Հայաստանի երիտասարդ սերունդը պետք է դաստիարակվի ժողովրդավարական պետությունում և բաց երկխոսության պատրաստ հասարակությունում»,- նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Կոսուելո Վիդալը։
Իր հերթին ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ տարբեր քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկում գտնվող հանրապետությունը 20-րդ դարում պետք է պահպանի իր դարավոր հանդուրժողականության ավանդույթները, երկխոսություն տանի տարբեր պետությունների հետ՝ հավատարիմ մնալով հանդուրժողականության սկզբունքներին։
«Հենց կրթական համակարգում է այսօր ձևավորվում տարբեր երկրների ներկայացուցիչների հետ երկխոսության պատրաստ Հայաստանի ապագա քաղաքացիների աշխարհայացքը։ Մեր պետության հանրակրթական համակարգի հիմքը պետք է լինի հանդուրժողականությունը»,- ասաց նախարարը։
ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանի խոսքերով, հուշագրի ստորագրումից հետո առաջիկա ամսվա ընթացքում կկազմակերպվի ուսուցիչների փուլային վերապատրաստում, իսկ նոր դասագրքերը կկազմվեն հանդուրժողականության սկզբունքները հաշվի առնելով։
2007-2008 ուս. տարում Հայաստանում գործում է 1452 հանրակրթական դպրոց, այդ թվում՝ գիշերօթիկ դպրոցներ, գիմնազիաներ և այլ ուսումնական հաստատություններ, որոնք հանրակրթական ծրագրեր են իրականացնում։ 2007-2008 ուս. տարում հայկական պետական և ոչ պետական դպրոցների բոլոր դասարաններում սովորել է 431 հազար 280 դպրոցական։ -0-