Հայ ռեժիսորների ֆիլմերը 2009 թ.-ին կներկայացվեն Կաննի և Վենետիկի կինոփառատոններին
Երեք հայ ռեժիսորների ֆիլմերը 2009 թ.-ին կներկայացվեն Կաննի և Վենետիկի կինոփառատոններին, հայտնեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։
Ինչպես երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Գևորգյանը, հաջորդ տարի միջազգային փառատոններին կմասնակցեն Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը», Հարություն Խաչատրյանի «Սահման» և Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմերը։
Մկրտչյանի ֆիլմն արդեն ներկայացվել է Երևանում, մյուս երկու ֆիլմերը սպասում են իրենց պրեմիերաներին։
«Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը Գյումրի քաղաքի բնակիչների պատմությունն է 1990-ականների սկզբին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ պահին։
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Անահիտ Հարությունյանը և Գուժ Մանուկյանը։
Կինոկենտրոնի տնօրենը նաև հավելեց, որ «Խճճված զուգահեռներ» ֆիլմի աշխատանքները դեռ շարունակվում են և կավարտվեն մինչև ընթացիկ տարեվերջ։
«Հայկական ֆիլմերը հաճախ են մասնակցում միջազգային կինոփառատոնների և մրցանակների արժանանում, բացի այդ մի շարք երկրներում Հայկական կինոյի օրեր են անցկացվում»,- եզրափակեց Գևորգյանը։ --0--