Հայ կանանց աշխատավարձը տղամարդկանց աշխատավարձի 60 տոկոսն է կազմում

18.11.2008, 13:55
Հայ կանանց աշխատավարձը տղամարդկանց աշխատավարձի 60 տոկոսն է կազմում
Հայ կանանց աշխատավարձը տղամարդկանց աշխատավարձի 60 տոկոսն է կազմում

Հայաստանում կանանց աշխատավարձը միջին հաշվարկով կազմում է տղամարդկանց աշխատավարձի 60 տոկոսը, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Գյուլնարա Հովհաննիսյանը։

«Աղքատությունն ու գործազրկությունը հանրապետությունում կնոջ կերպար են կրում», - նշեց նա երեքշաբթի՝ «ՀՀ աշխատանքի օրենսգիրքը՝ որպես գենդերային հավասարությանը նպաստող արդյունավետ մեխանիզմ» թեմայով կոնֆերանսի ընթացքում։

Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանի աշխատաշուկան մի ոլորտ է, որտեղ նկատվում է գենդերային խտրականության առավել սուր դրսևորում։ «Գոյություն ունի խտրականություն կանանց նկատմամբ աշխատանքի ընդունման, ինչպես նաև պաշտոնի բարձրացման հարցում», - ավելացրեց նա։

Հայաստանում UNDP մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգը (Dirk Boberg) իր հերթին ասաց, որ գենդերային հավասարության արդյունավետ ապահովումը լուրջ խնդիր է ողջ աշխարհում։ «Կանանց իրավունքները շարունակվում են ոտնահարվել», - փաստեց նա։

Նրա խոսքերով, անհրաժեշտ է շարունակել աշխատանքը թույլ սեռի ներկայացուցիչների իրավիճակի բարելավման ուղղությամբ, քանի որ նրանք դեռևս լիիրավ հնարավորություն չունեն մասնակցելու որոշումների ընդունման գործում։

2007 թ.-ի նոյեմբերի 6-ին Հայաստանում UNDP մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Գյուլնարա Հովհաննիսյանը ստորագրել են համաձայնագիր երկրում գենդերային հավասարության ապահովման և կնոջ դերի բարձրացման ոլորտում։ Համաձայնագիրը ստորագրվել է Շվեդիայի կառավարության միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ 2004 թ.-ին սկսված ծրագրի շրջանակներում։

Փաստաթղթի համաձայն, ինստիտուտը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցելով, քաղծառայողների համար հետազոտություններ և սեմինարներ է անցկացնում՝ գենդերային խնդիրների և քաղաքականության մեջ կանանց մասնակցության իրավական հիմքերի մոդուլների վերաբերյալ։

Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը մասնակցում է հասարակությունում 2004-2010 թթ. կանանց իրավիճակի և նրանց դերի բարձրացման մասին ազգային ծրագրի համակարգման և իրականացման գործընթացում։-0-