ՀՀ նախագահը Վանդեա նահանգի Գլխավոր խորհրդի նախագահի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցերը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ընդունել է Ֆրանսիայի Վանդեա նահանգի Գլխավոր Խորհրդի նախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆիլիպ դը Վիլիեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, Վանդեա նահանգի Գլխավոր Խորհրդի փոխնախագահներ:
«Շնորհակալություն հայտնելով պատգամավորներին Հայաստանին օժանդակելու, հայ-ֆրանսիական բարեկամությունը խորացնելու, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված ջանքերի համար, Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունը, երկու ժողովուրդների փոխադարձ ջերմությունը գալիս է դարերի խորքից», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նրա խոսքերով, հայ ժողովրդի կողմից Ֆրանսիան ընկալվում է որպես շատ մոտ, բարեկամ պետություն, որը խորությամբ է նայում Հայաստանի խնդիրներին և գործուն աջակցություն է ցուցաբերում դրանց լուծմանը։
Նշելով, որ Հայաստանում գործում են ֆրանսիական կապիտալով 120 ձեռնարկություններ, նախագահը հույս է հայտնել, որ Վանդեայի ձեռնարկությունները ևս մուտք կգործեն մեր երկիր: «Ձեր ներկայությունը նաև եվրոպական արդյունաբերական, գյուղատնտեսական մշակույթի ներմուծում է Հայաստան», - ասել է նա։
Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել ուսուցիչների վերապատրաստնման ոլորտում համագործակցության համար` հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը վերջերս դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ:
Ֆիլիպ դե Վիլեին իր հերթին ասել է, որ Վանդեա նահանգում կենտրոնացված են ամենաշատ ձեռնարկություններն ու հիմնական աշխատուժը, և այս իմաստով իրենց փորձը Հայաստանի համար օգտակար կարող է լինել:
Նա տեղեկացրել է, որ Երևանում ունեցած քննարկումների արդյունքում արդեն իսկ ուրվագծել են փոխգործակցության ընդհանուր ուղղությունները և մտադիր են իրականացնել բավականին հավակնոտ ծրագրեր:-0-