Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագրի մշակումը նախնական փուլում է. Ֆասիե

17.11.2008, 18:27
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագրի մշակումը նախնական փուլում է. Ֆասիե
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագրի մշակումը նախնական փուլում է. Ֆասիե

Համանախագահները գտնվում են Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագրի մշակման նախնական փուլում, ասաց ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն։

«Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին հակամարտության քաղաքական և խաղաղ կարգավորմանը վերաբերող փաստաթուղթ, և Ղարաբաղյան կարգավորմանն անդրադարձող ոչ մի ուրիշ փաստաթուղթ չկա»,- ասաց Ֆասիեն երկուշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ տվյալ պահին կողմերի միջև գործում է միայն 1994 թ.-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը, որը խաղաղ պայմանագիր չէ։  

«Միայն հռչակագիրը բավարար չէ հրադադարից միանգամից խաղաղ կարգավորմանն անցնելու համար։ Բացառված չէ, որ հակամարտության կողմերի միջև շփման գծում կարող են տարբեր միջադեպեր ծագել, սակայն դա չի նշանակում, որ խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ կողմերի մոտեցումների մեջ որևէ բան փոխվել է»,- ասաց Ֆասիեն։

Իր հերթին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նշեց, որ համանախագահներն ու հակամարտության կողմերը ձգտում են խաղաղ կարգավորման և չնայած կողմերի միջև այսօր պատերազմ չկա, իրադրությունը շարունակում է լարված մնալ։  

Նրա խոսքերով, ամենուրեք՝ Հայաստանում, Ադրբեջանում և ԼՂՀ-ում կան մարդիկ, որոնց դուր չի գալիս, որ կողմերը կողմերը հակամարտության խաղաղ կարգավորման են գնում։  

«Նման իրավիճակում հարցը լուծելու միակ ուղին համաձայնագրի վերջնական ամրագրումն է, որը կստիպի կողմերին համարձակ քայլերի գնալ»,- ասաց Բրայզան։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-