Երևանում դպրոցական մարզական մրցումների անցկացումը նպաստում է սպորտի մասսայականացմանը. փոխնախարար

14.11.2008, 17:56
Երևանում դպրոցական մարզական մրցումների անցկացումը նպաստում է սպորտի մասսայականացմանը. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում դպրոցական մարզական   մրցումների անցկացումը նպաստում է սպորտի մասսայականացմանը երկրում, ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը։

Երևանում յոթերորդ տարին անընդմեջ սպորտային խաղեր են անցկացվում մայրաքաղաքային դպրոցների շրջանում հինգ մարզաձևերի գծով՝ վոլեյբոլ, բասկետբոլ, շախմատ, սեղանի թենիս, վազք։  

«Յոթերորդ սպորտային խաղերը վկայում են այն մասին, որ մեր կողմից ընտրված քաղաքականությունը ճիշտ է և այն արդյունքներ է տալիս առողջ ապրելակերպի մասսայականացման գործում»,- ասաց Ասրյանը ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։  

Նրա խոսքերով, 2008 թ.-ի սպորտային խաղերին մասնակցել է երևանյան դպրոցների  17 հազար աշակերտ՝ անցյալ տարի խաղերին մասնակցած 7 հազարի համեմատ։

Նա նշեց, որ խաղերի հաղթողների համար սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը խրախուսական մրցանակներ է նախատեսել։

«Միջհամայնքային փուլում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, համապատասխանաբար, 350 հազար, 250 հազար և 200 հազար դրամ մրցանակ կստանան»,- ասաց Ասրյանը։

Նա նաև հայտնեց, որ մայրաքաղաքային դպրոցների թիմերը, որոնք առավելագույն միավորներ կհավաքեն, կստանան. առաջին տեղի համար՝ 1,5 մլն դրամ, երկրորդ տեղի համար՝ 1 մլն. դրամ և երրորդ տեղի համար՝ 500 հազար դրամ մրցանակ։ (ԱՄՆ 1 դոլարը 305,51 դրամ է)։ --0--