Թուրքիան չի կարող միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. Դաշնակցություն
Թուրքիան չի կարող միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ուրբաթ լրագրողներին ասաց Դաշնակցության Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը։
Նրա խոսքերով, Թուրքիան ձգտում է մասնակցել այն հարցերի լուծմանը, որոնք շոշափում են իր աշխարհաքաղաքական շահերը։
«Մասնավորապես, Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունների լույսի ներքո՝ Թուրքիան ձգտում է դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում», - ասաց Վարդանյանը։
Նա նաև նշեց, որ նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված մոսկովյան հռչակագիրը զգալի փոփոխություններ չմտցրեց ղարաբաղյան հակամարտության գործընթացում։
«Դժվար է խոսել մոտ ամիսների ընթացքում խնդրի լուծման մասին։ Դեռևս շատ բան է անհրաժեշտ քննարկել և անել։ Մեր երկրի առաջնահերթ խնդիրը ղարաբաղյան ժողովրդի անվտանգության ապահովումն է», - ավելացրեց ՀՅԴ Բյուրոյի անդամը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ. մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-