ՀՀ նախագահը շնորհավորել է Բեյրութի «Ազդակ» հայկական թերթի աշխատակիցներին՝ թերթի 80-ամյակի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բեյրութի «Ազդակ» հայկական թերթի աշխատակիցներին և ընթերցողներին՝ թերթի 80-ամյակի կապակցությամբ, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Ութ տասնամյակների ընթացքում «Ազդակը» պատշաճ կերպով ծառայել է իր կոչմանը. այն է՝ հայապահպանություն, հայ դպրություն ու մշակույթ, ընդգծված ուշադրություն Հայրենիքից եկող լուրերի և ներգաղութային իրադարձությունների նկատմամբ», - ասվում է ուղերձում։
Նախագահի խոսքերով, «Ազդակը» եղել և մնում է նաև Հայաստան-Սփյուռք միասնության և համահայկական խնդիրների արծարծման կարևոր ամբիոն։
«Շնորհավորելով «Ազդակի» հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ հարատևություն և ընթերցողների զորացող բանակ։
«Ազդակը», որ արդեն իր արժանի տեղն է գրավել հայ մամուլի պատմության մեջ, համոզված եմ, դեռ կարևոր ասելիք ու անելիք ունի հետագա տասնամյակների ընթացքում», - ասվում է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում։-0-