2009 թ.-ին Հայաստանի և Կիպրոսի միջև միջխորհրդարանական համագործակցության մասին նորացված հուշագիր կստորագրվի
2009 թ.-ին Հայաստանի և Կիպրոսի միջև միջխորհրդարանական համագործակցության մասին նորացված հուշագիր կստորագրվի, հինգշաբթի Երևանում ասաց Կիպրոսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Մարիոս Գարոյանը ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ նախկին հուշագիրը կողմերի միջև ստորագրվել է երկու տարի առաջ։ Նրա խոսքերով, նորացված փաստաթուղթը կստորագրվի ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի՝ 2009 թ.-ին Կիպրոս նախատեսվող այցի ընթացքում։
«Արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել և հուշագրում կընդգրկվեն ոլորտներ, որոնց ուղղությամբ համագործակցությունը կընդլայնվի»,- ասաց Գարոյանը։
Ինչպես կարծում է Կիպրոսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ղեկավարը, իր այցը Հայաստան ևս մեկ անգամ հաստատեց երկրների միջև գերազանց կապերի առկայությունը՝ զուգահեռաբար հաստատելով համագործակցությունն ընդլայնելու և երկկողմ կապերը խորացնելու կողմերի ցանկությունը։
Իր հերթին ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Կիպրոս առաջիկա այցի ընթացքում ծրագրվում է հուշագրում նորացնել ու ամրագրել նոր կետերը։ --0--