ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են մինչև ընթացիկ տարվա վերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, Բաքվի ANS հեռուստաալիքին է ասել ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասյեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Չի բացառվում, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայանա մինչև այս տարեվերջ։ Միայն թե դրա համար պետք է երկու պետությունների նախագահների համաձայնությունը։ Մենք խորհրդային ժամանակների պիոներների նման միշտ պատրաստ ենք կազմակերպել այդ հանդիպումները»,- ասել է նա։
Ֆասյեն Բաքու է ժամանել չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշեր։ Նրանից առաջ Ադրբեջանի մայրաքաղաք էին ժամանել ՄԽ ամերիկացի և ռուս համանախագահներ Մեթյու Բրայզան և Յուրի Մերզլյակովը։
Ֆասյեն հիշեցրեց, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների մոսկովյան հանդիպումից (նոյեմբերի 2) ընդամենը 4 օր հետո Վիեննայում կայացավ ՄԽ համանախագահների հանդիպումը, և դրանից մեկ շաբաթից էլ ավելի քիչ ժամանակ անց, ժամանակն ու հայտնված հնարավորությունները չկորցնելու համար, որոշվեց համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք այցի ամսաթիվը։
Նա նշեց նաև Թուրքիայի ակտիվացումը հակամարտության կարգավորման գործում և Հայաստանի հետ նրա բանակցությունները, որոնք նոր կլիմա ստեղծեցին տարածաշրջանում։ Նրա կարծիքով, դրանում հատուկ դեր խաղաց պաշտոնական Անկարայի կողմից առաջ քաշված «Կովկասում կայունության և անվտանգության պլատֆորմը»։
Միևնույն ժամանակ, համանախագահն ասաց, որ, «չնայած Թուրքիայի նախաձեռնությանը, բանակցային գործընթացը շարունակվում է նախկին ձևաչափով, այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում. Թուրքիան ՄԽ անդամ է և այդ շրջանակներում միշտ ձգտել է հակամարտության լուծման միջնորդ դառնալ»։
Նա նաև ասաց, որ Բաքվում հանդիպումներից հետո հինգշաբթի նա կմեկնի Հայաստան, որտեղ հանդիպումներ կանցկացնի երկրի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
Ֆասյեն ծրագրում է նաև Լեռնային Ղարաբաղ այցելել։
Իր հերթին ռուս համանախագահ Մերզլյակովն ասաց լրագրողներին, որ միջնորդների ներկա այցի հիմնական նպատակը մոսկովյան հռչակագրից բխող հարցերի քննարկումն է և Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետագա քայլերի որոշումը։
Նրա խոսքերով, հակամարտության կողմերը կարող են իրենց կողմից ցանկացած այլընտրանքային առաջարկություն ներկայացնել։
«Կարծում եմ՝ հակամարտության կարգավորման գործում դրական փոփոխություններն այսուհետ ևս կշարունակվեն»,- ասաց նա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-