Երևանում կանայք ավելի շատ են ծխում, քան Հայաստանի մարզերում. Առողջապահության նախարարություն

13.11.2008, 17:00
Երևանում կանայք ավելի շատ են ծխում, քան Հայաստանի մարզերում. Առողջապահության նախարարություն

Երևանում ծխող կանանց թիվը գերազանցում է Հայաստանի մարզերում բնակվող ծխող կանանց թվին, հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարարության հակածխախոտային ծրագրի համակարգող Ալեքսանդր Ղազանչյանը։

«Ցուցանիշների մասին խոսելով՝ անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ Հայաստանում երկու տարբեր տեսակի բնակչություն է ապրում՝ մայրաքաղաքի և մարզերի բնակչությունը։ Երևանի բնակչությունն առանձնանում է բոլորովին այլ վարքով և այլ ցուցանիշներով, այդ երկու ասպեկտները հատկապես դրսևորվում են կանանց վերաբերող հարցերում»,- հինգշաբթի լրագրողներին հայտնեց Ղազանչյանը։

Այսպես, ըստ նրա, վերջին տարիների ընթացքում անցկացված մի շարք դիտարկումների տվյալներով, մայրաքաղաքում 25-34 տարեկան և 55-64 տարեկան երկու կատեգորիաներում ծխող կանանց թիվը հասնում է 7-8 տոկոսի։

«Իհարկե, Երևանում ծխող կանանց թիվը 6-7 անգամ գերազանցում է մարզերի ծխողների թվի ցուցանիշը։ Օրինակ, որոշ գյուղերում ծխող կանանց թիվը կազմում է ընդամենը 0,1 տոկոս»,- ավելացրեց Ղազանչյանը։

Հակածխախոտային ծրագրի համակարգողը հայտնեց նաև, որ միջին հաշվարկով հանրապետությունում ծխելով «տարվում է» կանանց 2,5-3 տոկոսը։

«Շատերը պնդում են, որ վերջին տարիներին Հայաստանում ծխող կակաց թիվն ավելացել է։ Այդ հարցում անհրաժեշտ է հաշվի առնել մեր մտածելակերպի առանձնահատկությունը։ Հայաստանի բնակչության համար ծխող կինն առայժմ աչք ծակող անսովոր երևույթ է համարվում»,- ասաց Ղազանչյանը։

Միաժամանակ նա հաստատեց ծխող կանանց թվի աճի փաստը։

«Ծխող կանաց թվի աճին նպաստում է ակտիվորեն զարգացող ֆեմինիստական շարժումը, կանայք ազատության են ձգտում»,- հավելեց նա։ -0-